Վարդան Օսկանյանը փաստաթղթեր կհրապարակի Տարոն Մարգարյանի դեմ. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդի» տեղեկություններով իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ։
Ըստ մեր աղբյուրների՝ դրանք վերաբերում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երևան «կառուցել»։
Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաև Երևանի ավագանու անդամները, որոնք թեև հիմնականում Մարգարյանի որոշումները դակողի դերում են հանդես եկել, այնուամենայնիվ, հետաքրքիր փաստաթղթեր ձեռք բերելու հարմար առիթը բաց չեն թողել։
«Ժողովուրդը» փորձեց ստացած լուրի իսկությունը պարզել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկաևյանից, սակայն նա երկար մտածելուց հետո ասաց. «Այն, ինչ ասում եք, շատ հեռու է իրականությունից»»։