Մինչև COP-29 համաժողովը, պետք է փորձել Ադրբեջանի դեմ ճնշումներ գեներացնել. Գեղամ Ստեփանյան

Նախորդ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Բաքվի դատարանը արցախցի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Դատախազը պահանջել էր 17 տարվա ազատազրկում, սակայն դատարանը կայացրել էր 15 տարվա ազատազրկման վճիռ, որից առաջին 5 տարին նա լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։

Արցախի Հանրապետության քաղաքացի 69-ամյա Վագիֆ Խաչատրյանին ևս ադրբեջանական կողմը նախորդ տարի ամռանը Հակարիի կամիջից առևանգելուց, ապա Բաքու տեղափոխելուց և կալանավորելուց հետո, կեղծ քրեական գործ հարուցեց, ապա դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Ռաշիդ Բեգլարյանին ու Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմը մեղադրում է «Խոջալուի դեպքերին» մասնակցելու և հանցագործություն կատարելու մեջ։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ադրբեջանում իրականացվող կեղծ դատավարությունները,   գերեվարված արցախահայերի անհիմն ազատազրկումն ու  շինծու գործերով նրանց ազատազրկման դատապարտումը գնահատեց, որ այս ամենը կատարում է մի պետություն՝ ի դեմս Ադրբեջանի, որը միջազգային իրավական բոլոր զսպող գործիքներին հակադրվում է ամենակոշտ ձևով, առանց մեղադրյալներին լիարժեք փաստաբանական պաշտպանության հնարավորություն տալու:

Կարդացեք նաև

«Խոսքը ոչ միայն անհատների կողմից օտարերկրյա փաստաբանների ներգրավման մասին է, այլև մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոնիտորինգային դիտարկող ֆունկցիա ունեցող մարմիններին՝ Ադրբեջանում այս դատավարություններին հասանելիություն ունենալու մասին։ Վերջին օրերին Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարությունը եղավ, նաև ԵԽԽՎ ղեկավարը խոսեց, որ Ադրբեջանը չի համագործակցում խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ ուղղված կոմիտեի հետ, որպեսզի կարողանան պարզել, թե Ադրբեջանում իրավական համակարգի կողմից ինչպիսի խոշտանգումներ են տեղի ունենում։ Սա վերաբերում է բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ արդար դատաքննությանը»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, եթե Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն Ադրբեջանում ունի առանձին փաստաբան, ապա մյուս գերիներին ու պատանդներին կարծես թե տրամադրված է միայն հանրային պաշտպան։

«Վստահ եմ՝ ամենաանկախ ու ամենապրոֆեսիոնալ փաստաբանը չի կարող բռնապետական Ադրբեջանում գործել մարդու իրավունքների դիրքերից, որովհետև մեկ օրում ամբողջությամբ կարգելափակվի նրա աշխատանքը։

Ինչ վերաբերում է ընթացող դատավարություններին, ապա դրանց տրված որակումները պարզ են, բոլորս ասում ենք, որ դրանք անօրինական են, իրավական որևէ հիմք չունեն։ Երբ դեռ Արցախում էինք, Բաքվում առաջին դատավարություններից հետո, դրա մասին առանձին զեկույց ունեցել եմ, մատնանշելով բոլոր այն հանգամանքներն ու փաստերը, որոնցով կարող ենք փաստել, որ այդ դատավարությունները շինծու են։

Ցավոք, մեզ ու միջազգային հանրությանը չի հաջողվում Ադրբեջանի վրա բանեցնել այնպիսի քաղաքական ու տնտեսական և այլ բնույթի ճնշում, որն Ադրբեջանի վարքագծի վրա կարող է իրական ազդեցություն ունենալ։ Այս համատեքստում, մինչև COP-29 համաժողովը, որը պետք է նոյեմբերին տեղի ունենա Ադրբեջանում, պետք է փորձել ավելի մեծ ճնշումներ գեներացնել, փորձել ամեն գնով հեղինակային վնաս հասցնել Ադրբեջանին։ Տեսնում ենք, որ իրավական ճանապարհը որևէ ռեալ արդյունք չի բերում»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ նախորդ տարի, երբ Բաքվից մի քանի հայ գերի վերադարձրեցին Հայաստան, նրանց հայրենիք վերադարձը տեղի ունեցավ բացառապես քաղաքական գործընթացի շրջանակներում, քանի որ Հայաստանը համաձայնեց, որպեսզի COP-29 համաժողովը տեղի ունենա Բաքվում։

«Կոպիտ ասած՝ առևտուր տեղի ունեցավ, և դրա շրջանակներում կար միջազգային որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա։ Հիմա նորից պետք է փորձել հասնել այնպիսի ազդեցության, գեներացնել այնպիսի ճնշում Ադրբեջանի վրա, որ  վերադարձնի գերիներին և պատանդներին։ Ընդ որում, շատ կարևոր է, որ այնպես չլինի, որ որոշ անձանց վերադարձնեն հայրենիք, որոշներին՝ կրկին պահեն բանտերում, քաղաքական առևտրի համար, այլ բոլորին անխտիր վերադարձնի»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք` 2023թ. օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ  դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանի հսկողության տակ գտնվող  տարածքում։ Նա կալանավորվել է 2023 թվականի նոյեմբերին։

Նույն թվականի ամռանն ադրբեջանական կողմը Հակարիի կամրջից պարզապես առևանգել էր Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով և աղջկա ուղեկցությամբ Երևան էր գալիս սրտի վիրահատության համար։ Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։ Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը վճռեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Որոշ ժամանակ անց Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել, սակայն բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել էր և 15 տարվա ազատազրկման վճիռը թողել անփոփոխ։

2023 թվականի սեպտեմբերից ադրբեջանական պատանդառության մեջ են պահվում նաև Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, նրանց մի քանի հոդվածներով առաջադրվել են կեղծ մեղադրանքներ։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ Բաքվում նրանց կալանքի ժամկետները 5 ամսով կրկին երկարաձգել են։

Տեսանյութեր

Լրահոս