Իսրայելում Հայաստանի հետ մոտենալու զգացողություն կա՝ չնայած Բաքվի հետ ռազմական հարաբերություններին. Jerusalem Post
Անցած շաբաթ Հայաստանը դարձավ 145-րդ երկիրը, որը ճանաչեց Պաղեստինի պետությունը։ Անցած տարի հայերը ենթարկվեցին ահավոր էթնիկ զտման Ադրբեջանի կողմից, որը զգալի չափով զինված էր Իսրայելի կողմից։ Այս մասին նշվել է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոր Հովհաննիսյանի հոդվածում, որը հրապարակվել է Jerusalem Post իսրայելական պարբերականում։
Դրանում նաեւ նշված է.
«Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գոյություն ունի ընդհանուր պատմության, մերձության եւ միակարծության խոր զգացողություն, որը պահպանվում է՝ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Իսրայելի ռազմական հարաբերություններին։ Հայաստանում չկա թաքուն հակասեմականություն, ինչպես Իսրայելում չկա հայատյացություն։ Երկու երկրները բախվել են հետապնդումների եւ ցեղասպանության՝ իրենց որոշելով ոչ թե տարածապես, այլ երկակիության միջոցով, որը նրանց դնում է դժվար ընտրության առջեւ միջազգային ճգնաժամերի ժամանակ։
Եկել են փորձությունների ժամանակներ հայ-իսրայելական հարաբերությունների համար, բայց մենք պետք է կողմնորոշվենք այս բուռն ջրերում, որպեսզի օգտագործենք մեր բազմաթիվ ընդհանուր ակտիվները։ Մեր գլոբալ հանրույթները համագործակցում են ծայրահեղականության դեմ պայքարում եւ նորարարությունների մշակման ոլորտում, ինչպիսին են պատվաստանյութերը, որոնք ստեղծել է Moderna ընկերությունը։ Իսրայելա-հայկական զգալի համայնքը կարող է կամուրջ ծառայել փոխըմբռնման եւ համագործակցության համար։ Հայաստանում եւս մեծանում է հրեական համայնքը՝ բաղկացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներից։ Նրանցից շատերը մտածում են այն մասին, որ բնակություն հաստատեն Հայաստանում եւ նոր կյանք սկսեն։
Ռազմավարական առումով Հայաստանը դրամատիկական աշխարհաքաղաքական վերակողմնորոշում է ապրում՝ մոտենալով ԱՄՆ-ին եւ դիտարկելով ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը՝ միաժամանակ միանալով տարածաշրջանային ինտեգրացիոն եւ տրանսպորտային նախագծերին, որոնք կորոշեն ապագա եվրասիական առեւտուրը։ Իսրայելը պետք է դիտարկի ԱՄՆ քաղաքականության աջակցման հնարավորությունն այս տարածաշրջանում, որպեսզի օգնի Հայաստանին ամրացնել իր դեմոկրատական իսնտիտուտները եւ ավանդ ներդնել անվտանգության իր ռազմավարության փոփոխությունում։ Այդ համագործակցությունը կընդլայնի երկու երկրների ներկայությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, այդ թվում Հնդկաստանում եւ Պարսից ծոցի երկրներում։
Պատմականորեն Հայաստանը պայքարել է գոյատեւման եւ ինքնության պահպանման համար՝ որպես արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցիչ Մերձավոր Արեւելքում։ Ռեսուրսներով աղքատ եւ ռազմական առումով տարածաշրջանային մրցակիցներին զիջող Հայաստանը զգալի չափով հենվում է միջազգային լեգիտիմության վրա՝ ինքնորոշման իրավունք, ցեղասպանության կանխում եւ ուժի չկիրառում վեճերում՝ որպես իր արտաքին քաղաքականության անկյունաքար։
Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց եւ ներխուժեց հայերով բնակեցված Արցախ։ Հենվելով իսրայելական սպառազինության վրա՝ ադրբեջանական ուժերը ստիպեցին հեռանալ ավելի քան 120 000 բնակչությանը։ Բայց սա չէ Պաղեստինի ճանաչման պատճառը։
Ավելի շուտ դա կապված էր երկրի ինքնահռչակ պարտավորությունների հետ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված դեպքերում, ներառյալ Պաղեստինը եւ, գուցե, Կոսովոն, Հարավային Սուդանը եւ այլ երկրներ ապագայում։
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման ժամանակը առաջ է բերել վեճեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իսրայելում։ Շատերը կարծում են, որ Գազայում հակամարտության ժամանակ գործողությունները կռվող կողմերին ոչ ճիշտ ազդանշաններ են ուղարկում։ Հայաստանի որոշման վրա կարող էին ազդել ազդեցիկ տարածաշրջանային խաղացողները, ինչն ընդգծում է նրա աճող ընկալունակությունը ակտիվացած հարեւանների, ինչպիսին է Թուրքիան, ճնշման հանդեպ 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմից հետո։
Արձագանքն Իսրայելում հատկապես բուռն էր՝ Իսրայելի ԱԳՆ խիստ նախազգուշացումներով երկկողմ հարաբերությունների հնարավոր վատացման մասին։ Այդ արձագանքը խիստ հակասում է Իսպանիայի, Սլովենիայի եւ Բելգիայի համանման ճանաչմանն արձագանքին։ Հարց է առաջանում. ինչո՞ւ Հայաստանի ճանաչումն ընկալվում է որպես ավելի քիչ ներելի, քան 144 այլ երկրների ճանաչումը։
Հայաստանը եւ Իսրայելը՝ որպես միակ ոչ մուսուլմանական եւ դեմոկրատական երկրներ Մեծ Մերձավոր Արեւելքում, չպետք է վնաս պատճառեն միմյանց, այլ պետք է միասին աշխատեն հանուն տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման։
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը համապատասխանում է նրա վաղեմի սկզբունքներին եւ չպետք է դիտարկվի որպես վնաս հայ-իսրայելական ապագա հարաբերություններին։ Դրա փոխարեն երկու երկրները պետք է հաստատեն իրենց ընդհանուր արժեքները եւ միասին աշխատեն ավելի կայուն եւ բարգավաճ ապագայի ուղղությամբ»։