Ադրբեջանն իր պայմաններն է թելադրում, բոլորի հետ խաղում է, Հայաստանը սեփական շահերի դեմ է գործում․ Ստեփան Դանիելյան
Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում, նրա մասին չեն էլ հիշում։ Աշխարհում հիմա շատ լուրջ գործընթացներ են ընթանում, և գլխավոր թեման ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ գերտերությունների միջև հարաբերությունները և ապագա աշխարհակարգը։ Եթե ապագա աշխարհակարգում հստակություն մտնի, օրինակ, Ուկրաինայի, Գազայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի հարցերով, նոր կոալիցիաներ ձևավորվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն նոր կոմունիկացիաների շուրջ, իսկ դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և գործընթացը դրան է գնում, այդ հարցերը լուծելուց հետո Հայաստանի և Հարավային Կովկասի, առավել ևս՝ Փաշինյանի հարցը երկրորդական է, և նա կանի այն, ինչ իրեն կասեն։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ուժային կենտրոնները Հայաստանի առաջնորդի հարց չեն քննարկում, այլ ընդամենը զբաղված են սեփական հարաբերությունները պարզաբանելով։ Եթե նրանք այս առևտրի մեջ գան պայմանավորվածությունների, դա կարող է լինել ըստ տարածաշրջանների. այս մեկը՝ ինձ, մյուսը՝ քեզ, ինչպես միշտ է եղել՝ Վերսալի, Յալթայի, Պոտսդամի և այլ համաժողովների ժամանակ։ Թե ինչ անձ կլինի Հայաստանում՝ որևէ մեկին առանձնապես չի հետաքրքրում։ Բայց դա չի նշանակում, թե Հայաստանը կամ ՀՀ ղեկավարության քաղաքականությունը որևէ ազդեցություն չի ունենա»,- ասաց քաղաքագետը։
«Ադրբեջանն էլ առանձնապես մեծ երկիր չէ, բայց իրենք շատ ճիշտ քաղաքականություն վարեցին, և հիմա բոլոր կենտրոնների հետ կարողանում են խաղալ։ Ուկրաինա ներխուժելուց մեկ օր առաջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ ռազմավարական և հեռուն գնացող պայմանագիր կնքեց, այնտեղ շատ կարևոր կետեր կան, որոնք խնդիրներ են դնում նաև Ադրբեջանի առջև։ Դեռևս 20 տարի առաջ Արևմուտքում մի ծրագիր կար՝ «Փոթորիկ Կասպից ծովում», որի նպատակը հետևյալն էր՝ Արևմուտքը, նախևառաջ՝ ԱՄՆ-ը, պետք է ներխուժի Կասպից ծովի ավազան և Կենտրոնական Ասիա։ Դա իրենց քաղաքականությունն էր, և դրանից բխում էր, որ Հարավային Կովկասը պետք է ճանապարհ լինի դեպի Կասպից ծով։ Վրաստանի ճանապարհը տնտեսական նշանակություն ունի, բայց ոչ՝ ռազմաքաղաքական։ Իսկ ահա, Սյունիքով անցնող ճանապարհը հենց ռազմաքաղաքական նշանակություն ունի»,- նշեց Դանիելյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ուշագրավ է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական պայմանագրում կարևոր դրույթ կա, ըստ որի՝ եթե տարածաշրջանում որևէ երրորդ ուժ փորձի մուտք գործել Ադրբեջանի տարածք, դա անընդունելի կլինի Ռուսաստանի, ենթադրվում է՝ նաև Իրանի համար, և դա կարող է հիմք լինել Ադրբեջանի տարածքում ագրեսիա իրականացնելու համար. «Ադրբեջանը ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքել նաև Չինաստանի հետ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ից անընդհատ Բաքու են գնում և խնդրում ու առաջարկում են ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցել, Վրաստանում ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ զորավարժություններ են լինում։ Այսինքն, Ադրբեջանը կարողանում է միանգամից բոլորի հետ խաղալ և իր պայմանները թելադրել՝ լինելով ոչ մեծ երկիր»:
«ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Օ՛Բրայենը Բաքվում հայտարարեց, թե իբր Ադրբեջանի համարձակ քաղաքականության շնորհիվ Կովկասում խաղաղության հնարավորություն է բացվել։ Այսինքն, այն, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում է արել, դա համարձակ քայլ էր՝ միտված խաղաղությանը։ Տրամաբանությունը պարզ է՝ չկա Արցախի հարց, չկա կոնֆլիկտ, հետևաբար՝ Ռուսաստանն ու Իրանն այստեղ ազդեցություն չեն ունենա։ Այն, որ գլոբալ խաղացողներն են որոշելու, չի նշանակում, թե փոքր խաղացողների դիրքորոշումը հաշվի չի առնվում։ Իրանի շնորհիվ է, որ Սյունիքը դեռևս Հայաստանի տարածքում է, բայց ՀՀ-ի դիրքորոշումն ու պահվածքն Իրանի հանդեպ նույնպես մեր շահերի դեմ ուղղված քաղաքականություն է։ Պատահական չէ, որ Իրանի ԱԳՆ-ից հայտարարեցին, թե իրենց հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված են հենց Հայաստանի դիրքորոշմամբ, և դրանք կարող են լինել ցանկացած տեսակի»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում