Իրական պետության ու «Իրական Հայաստանի» պայքարը
Հայկական իրականության ամենաբացասական կողմերից մեկն անտեսանելի, անառարկայական լարվածությունն ու անհանդուրժողականությունն է, որը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքական դաշտից՝ մինչև ու, որ ավելի կարևոր է՝ սոցիալական, մարդկային հարաբերություններ, ընկերական, անգամ ընտանեկան շփումներ։
Քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ մերժման հասնող քաղաքական հակադրությունը մտել է մարդկանց ընտանիքներ, ընկերական ու ազգակցական միջավայրեր, կոլեկտիվներ։
Խոսքը, սակայն, ամենևին քաղաքական տարակարծության մասին չէ, որը բնորոշ է բոլոր հասարակություններին ու կյանքի անբաժանելի մասն է։
Հայաստանում վաղուց անցել են ուղղակի տարակարծության, այլ կարծիքներ կամ համակրանքներ ունենալու ժամանակները։ 2018թ. որպես քարոզչական տեխնոլոգիա ներդրված «սև ու սպիտակի» տարանջատումն ամբողջությամբ խժռել է հանրային համերաշխության ու սոցիալական համակեցության վերջին փշրանքները։
Քաղաքական այլակարծությունը վերածվել է ընդհուպ թշնամանքի, անձնական ատելության, հարաբերությունների կազմաքանդման։ Պատճառն այն է, որ քաղաքական տարբեր կողմնորոշումներն իրականում միայն դրսևորմամբ են քաղաքական, խորքային առումով դրանք գոյաբանական, հիմնարար նշանակության տարակարծություններ են, որոնք ուղղակի բացառում են փոխզիջումը։ Պայմանական իշխանամետ և հակաիշխանական/ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների, ընկերների, քույրերի ու եղբայրների տարակարծությունը սոցիալական կամ կրթական այս կամ այն մոդելի մասին չէ, նաև կենսաթոշակային տարիքի ու առողջապահական ապահովագրության որևէ մոդելի մասին չէ, ինչն ավելի կամ պակաս չափով հակադրության ողջամիտ տիրույթ է։
Այսօրվա իշխանության կողմնակիցը հաշտ է Արցախն ադրբեջանական ճանաչելու, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու, պետության ֆորմալ գոյության պայմաններում պետականության բովանդակությունից հրաժարվելու, հայրենիքը, պատմական հիշողությունը, ավանդույթները խեղաթյուրելու՝ իշխանական առաջարկի հետ։
Հակառակ կողմում մարդիկ են, ովքեր անգամ չվստահելով այս կամ այն ընդդիմադիր ուժին, հաճախ նույնիսկ ընդդիմությանը ոչ պակաս քննադատելով, այդուհանդերձ դեմ են, չեն կիսում իրականում հակապետության կամ չպետության, անհայրենիքության ու ուրացումի իշխանական առաջարկը՝ դա համարելով կործանարար։
Նշված հարցերն ահա, ոչ թե ուղղակի քաղաքական, այլ հիմնարար, գոյաբանական խնդիր են, որոնց դեպքում գործում է ոչ թե սովորական, փոխզիջում ենթադրող տարակարծության, այլ փոխբացառման ռեժիմը։ Իշխանությունը հիմնավորապես խարխլել է պետության, հայրենիքի, արժեբանական հարթություններում հանրային կոնսենսուսը, որը բոլոր երկրների գոյության ու զարգացման հիմքն է։ Եվ այս պայմաններում կեղծ են հանրային համերաշխության, հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության մասին կոչերը, որովհետև իրականում պետության գոյության անքննելիությամբ առաջնորդվողը չի կարող երկխոսել պետության չգոյության հետ համակերպվածի հետ, երկխոսություն չի կարող հաստատվել պատմական հիշողությունն ու հայրենիքը գնահատողի և հիշողությունը վերջին գինու փառատոնի լուսանկարների հավանումներով չափողների միջև։
Իշխանության համար սա իդեալական հասարակության մոդել է, որը բացառում է վերկենցաղային, անանձնական խնդիրների շուրջ հանրային մոբիլիզացիայի բոլոր հնարավորությունները։ Բայց անկախ իշխանության գործողություններից, անկախ քաղաքական պայքարի ակտիվ ընթացքից կամ տապալումից, հանրության ամենատարբեր շերտերի մեջ այս՝ հաճախ լուռ, երբեմն պոռթկումներով ուղեկցվող դիմակայությունը շարունակվելու է։ Եվ մեծ հաշվով այս դիմակայության արդյունքից է կախված՝ այս կամ այն իշխանությամբ ու այս կամ այն ընդդիմությամբ՝ Հայաստանը մնալու է իրական պետությո՞ւն, թե՞ վերածվելու է «իրական Հայաստանի»՝ պետականության ատրիբուտային, բայց ոչ բովանդակային հատկանիշներով։
Հարություն Ավետիսյան