Պարտության տանող տպավորիչ առանձին հաղթանակների խաբկանքը
Հանրապետական կուսակցությունը հայտարարեց ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր միջոցներով նպաստել իշխանափոխությանն ու ընդդիմադիր ուժերի հաղթանակին: ՀՀԿ-ն, ի թիվս այլ միջոցների, հանձն առավ մայիսի սկզբին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի օրերին տարբեր ակցիաներ կազմակերպելու գործը:
ՀՀԿ-ի դիրքորոշումը բնորոշ չէ սովորական նախընտրական իրողություններին, և կապ չունի էլեկտորալ բոյկոտի հետ: Այն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի այսօրվա՝ ոչ ստանդարտ իրավիճակին, իրականում գոյաբանական սպառնալիքներին, որոնց այլևս հնարավոր չէ դիմակայել դասական քաղաքական գործիքներով, ինչպիսիք են ընտրությունները: Խնդիրն առանձին վերցրած կուսակցության մոտեցում չէ, այլ ավելի լայն իմաստով՝ այն հայեցակարգը, որով որևէ քաղաքական ուժ վերաբերվում է ստեղծված իրավիճակին:
Այսօր ընտրություններին ակտիվորեն մասնակցող բոլոր ուժերն անդադար հայտարարում են հաղթելու իրենց հնարավորությունների մասին: Ստանդարտ իրավիճակների համար միանգամայն նորմալ այդ հայեցակարգը բացարձակապես այլ պետք է լինի երկրում, որտեղ ընտրություններում որոշվելու է ոչ թե խորհրդարանական ուժերի դասավորությունը, այլ ընդհուպ՝ պետության լինելիության հարցը:
Այս պայմաններում հայեցակարգային նշանակություն ունի ընտրություններում ոչ թե ընդդիմադիր ուժերի մասնակի հաղթանակի, այլ իշխանության ամբողջական պարտության նպատակադրումը: Սա այն դեպքերից չէ, երբ առաջինը մեխանիկորեն նշանակում է երկրորդը: Նման դեպքերում պարզ մաթեմատիկան ու սոցիոլոգիան չեն գործում: Ընդդիմադիր ուժերի՝ առանձին վերցրած, թեկուզ և տպավորիչ հաղթանակները, առանց իշխանության 100 տոկոսանոց պարտության, արդյունքում արձանագրելու են նույն իշխանության հաղթանակը՝ որևէ, այդ պահին արդեն անկարևոր տոկոսով:
Դա նշանակում է, որ, եթե ՔՊ-ն չի հեռանում իշխանությունից ու չի հեռանում անվերապահորեն, ապա միանգամայն երկրորդական է դառնում, թե ընդդիմադիր ուժերից ո՞րը՝ քանի՞ մանդատ է ստանալու ապագա ԱԺ-ում: Այս պահին, սակայն, ընտրական խաղը գնում է հենց այդ ուղղությամբ. ընդդիմադիր ուժերը հաշվում են իրենց ապագա մանդատները, ՔՊ-ն հաշվում է օրերը, մինչև կհասնի հունիսի 7-ը և ընդդիմադիների հաշվարկը կտեղափոխվի ընտրատեղամաս:
Տվյալ սխեմային հակադրվող առաջարկ այս պահին արել է միայն ՀՀԿ-ն՝ ՔՊ-ի դոմինանտությամբ թափ հավաքող նախընտրական ստանդարտ մրցակցությանը զուգահեռ՝ առաջարկելով պայմանական փողոցը՝ որպես իշխանության ամբողջական պարտության վերջին հնարավորություն: Ընդ որում, նույն ՀՀԿ-ն դեռ անցած տարվանից հետևողականորեն առաջ է մղում նաև «Իմպիչմենտի» նախաձեռնությունը, որը հենց փողոցային պայքարին զուգահեռ՝ կարող է դառնալ իշխանափոխության ոչ ընտրական եզակի շանս: Քաղաքական դաշտի մնացած հատվածը ՀՀԿ-ի առաջարկին դեռևս չի արձագանքել առնվազն ինստիտուցիոնալ մակարդակում, ինչը ստիպում է ենթադրել, որ ընդդիմադիրների մեծ մասի համար, այդուհանդերձ, կարևորն իրենց առանձին հաղթանակն է և ոչ թե իշխանության ամբողջական պարտությունը:
Երբ մանդատի ու պետության փրկության երկընտրանքում քաղաքական ուժերն ընտրում են մանդատը, արձանագրվում է նրանց վերջնական հաղթանակը, ում պատճառով առաջացել է պետության փրկության հրամայականը: Դրանց վերջնական հաղթանակը պետության վերջնական պարտությունն է, ինչը, սակայն, քիչ է հուզում նրանց, ում համար կարևոր են առանձին հաղթանակներն ամբողջական պարտությունների մեջ:
Հարություն Ավետիսյան



