Բաժիններ՝

Ամեն հայի սրտից բխած. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ և, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք և համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան և ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձևակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ:

Երբ այդ նպատակները ձևակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ՝ ընդհուպ մինչև «ծովից ծով»: Բայց ես նաև հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձևակերպումն անիմաստ է, եթե ոչ՝ վտանգավոր:

Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է. երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը՝ «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է՝ «հայ ենք»: Երեխայի հաջորդ հարցը՝ «իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում»: Պատասխան՝ «թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից»: «Վայ, ես դրանց…»: Միանգամայն բացատրելի զգացմունքներ են՝ զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր և որդու միջև նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի:

Նման մտածողության մեջ կա նաև մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ՝ եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որևէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից:

Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ լավ եք անում, ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից և Վրաստանից մեր պատմական հայրենքը՝ էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել՝ որպես վրեժ Ցեղասպանության համար՝ այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի՛ պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն:

Վերջերս կարդացի, որ հայը «իրավունք չունի» հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ «ծիրին մեջ» ենք:

Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երևի, օրինաչափ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս