Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում, որ ՀՀԿ ԳՄ նիստերի մասին տեղեկությունները մամուլին հասանելի դառնան. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կայացած ԳՄ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ առաջարկել է պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի 19 անդամ ունեցող ԳՄ նիստերի մասին տեղեկությունները մամուլին հասանելի չդառնան:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե ինչու է տեղեկատվական արտահոսքը բարկացրել ԳՄ որոշ անդամների:
«Նախ՝ չեմ կարծում, որ արտահոսք է լինում, և հետո՝ Ձեր տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԳՄ նիստում ոչ մի նման խնդիր չի առաջացել, և մենք ԳՄ նիստում քննարկում ենք շատ ավելի կարևոր հարցեր»,- ասաց նա: Մինչդեռ ՀՀԿ-ի հակավարչապետական թևը շարունակում է դժգոհ մնալ»: