«Նիկոլ Փաշինյանը որևէ հաջողության չի հասնի հանրաքվե կազմակերպելու առումով». Վարդան Այվազյան

Նախորդ շաբաթվա վերջին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ, Շինուհայր գյուղում Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանում հանրաքվե անցկացնելու  անհրաժեշտություն լինի։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Էնտեղ, որտեղ խոշոր կտորների մասին կլինի խոսքը, կարող է լինի գաղափար՝ 100 մ² դուք մեզ տվեք, 100 մ² մենք ձեզ տանք։ Էդ էլ մենք չենք կարա անենք։ Եթե լինեն նման թեմաներ, պետք է հանրաքվե լինի։ Դուք եք որոշում՝ տենց բան լինի՞․ ուզում եք՝ ուզում եք, չեք ուզում՝ չեք ուզում»,- ասել է Ն. Փաշինյանը։

Ինչո՞ւ Տավուշում սկսած գործընթացից առաջ չեղավ հանրաքվե, երբ ակնհայտորեն Տավուշում տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, ի՞նչ նոր պայմանավորվածությունների մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, որի համար պետք է լինի հանրաքվե։

Կարդացեք նաև

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհեթեթություն որակեց, քանի որ, եթե սահմանազատման գործընթացում որշում են, որ ՀՀ հստակ տարածքից պետք է փոխանակում անեն Ադրբեջանի հետ, ապա հարց է առաջանում՝ եթե գիտեին, որ «դրանք ադրբեջանական տարածք» էին ու տվեցին՝ ո՞րն էր սահմանազատման իմաստը։

«Սա անհեթեթություն է։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա, եթե նույնիսկ քո երկրի տարածքից 1 սմ դու տալիս ես, դա պետք է լինի հանրաքվեով։ Սակայն չեմ կարծում, որ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը որևէ հաջողության կհասնի հանրաքվե կազմակերպելու առումով»,- 168.amի հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը։

Հարցին՝ այսինքն՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում և մյուս վայրերում պետք է տարածքներ տան Ադրբեջանին, հետո հանրաքվե՞ անցկացնեն, Վարդան Այվազյանը չբացառեց։

«Եթե մեզ ամենավատ երազում պատկերացնենք, որ ժողովուրդն իր համաձայնությունը հանրաքվեով կտա, ուրեմն՝ մենք կորցնելու ենք ազգ ունենալու իրավունքը, դառնալու ենք քոչվոր ցեղ, ցեղախումբ։

Կառավարությունն է նշանակելու հանրաքվե ու անցկացնի։ Հանրաքվեի նախաձեռնելու իրավունք ունի Կառավարությունը և ԱԺ պատգամավորների 1/3-ը, եթե կազմակերպեցին ու իրենց նախատեսված ձայները ստացան, հանրաքվեն կդառնա իրավաչափ։ Կրկնում եմ՝ այդ գործընթացում իր ասելիքը պետք է ասի ժողովուրդը՝ գնա ու ասի՝ ոչ»,- եզրափակեց Վարդան Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս