Բաժիններ՝

Ոգևորության վնասները. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, և չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգևորվելու առիթ չեմ տեսնում:

Ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ իրենք ունեն ինչ-որ նյութեր հայաստանյան ներկա և նախկին պաշտոնյաների չարաշահումների մասին, և որ այդ պաշտոնյաների շարքում, իբր, կա Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախ՝ շատ կցանկանայի, որ մեր ներկա և նախկին պաշտոնյաներով զբաղվեր մեր՝ հայաստանյան արդարադատությունը: Երկրորդ՝ մեղադրանքներն այնքան անորոշ են, որ հեռու գնացող վերլուծություններ, առավել ևս աշխարհաքաղաքական ընդհանրացումներ անելը վաղ է:

Ես միշտ փորձում եմ զգուշացնել մարդկանց, որ պետք չէ ժամանակից շուտ և չափից դուրս շուտ ոգևորվել՝ հետո, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում (իսկ սովորաբար 100 տոկոսանոց արդյունքն անհասանելի է), մարդիկ ընկնում են հիասթափության գիրկը: Երբ, օրինակ, «նախորդ» ընդդիմադիրներն ասում էին՝ կլինի «թեժ ամառ» կամ «թեժ ձմեռ», կամ երբ կանխատեսում էին, որ հաջորդ հանրահավաքը լինելու է «բեկումնային», նրանք վատություն էին անում թե իրենց շարժմանը և թե այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին. երբ ձմեռը կամ ամառը թեժ չէր լինում, կամ՝ երբ հանրահավաքը բեկումնային չէր ստացվում, այդ մարդիկ իրենց զգում էին մոտավորապես այնպես, ինչպես մենք բոլորս՝ Հայաստան-Չեխիա վերջին ֆուտբոլային խաղից հետո:

Հակառակը՝ որքան էլ քարոզչական առումով դա «անհետաքրքիր» հնչի, արատավոր համակարգը, որում մենք ապրում ենք, կարող է փոխվել միայն երկարատև ջանքերի շնորհիվ, և այդ ջանքերը միայն փողոցում չէ, որ պետք է գործադրել:

Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցներն ասում են՝ ապրիլի 9-ին այս կլինի, այն կլինի, նրանք հաշվի չեն առնում, որ եթե ոչ մի բան չլինի (ինչի հավանականությունը շատ մեծ է), ապրիլի 10-ին կամ 11-ին մարդիկ նույն ոգևորությամբ չեն գա, և նրանց այլևս հնարավոր չի լինի «զբաղեցնել» հացադուլի նման ակցիայով:

Երեկ tert.am-ում մի տեղեկատվություն էր հրապարակված, համաձայն որի՝ «Գելափը» նախկին խորհրդային տարածքում սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե 12 երկրներից (նախկին 15-ը՝ հանած Մերձբալթիկան) բնակիչների որ տոկոսն է հակված ընդմիշտ լքելու իր երկիրը: Ամենաբարձր ցուցանիշը հայաստանցիների մոտ է՝ 40 տոկոս: (Եկեք այս անգամ հավատանք «Գելափին»): Պատճառները, իհարկե, հայտնի են. նման տրամադրությունների հիմնական մեղավորը իշխանությունն է, որն, ըստ երևույթին, ադեկվատ պատկերացում չունի երկրի իրական վիճակի մասին և անհաղորդ է մարդկանց կարիքներին:

Բայց եկեք ընդունենք նաև, որ Հայաստանը վերոհիշյալ 12 երկրներից ամենաաղքատը, ամենաավտորիտարը, ամենակոռումպացվածը և ամենաանարդարը չէ: Բոլոր տապալված (failed) պետություններից Հայաստանը ամենատապալվածը չէ: Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ: Ո՞րն է, ուրեմն, հավանական պատճառներից մեկը: Իհարկե, դա լուրջ հետազոտություն է պահանջում, բայց փորձեմ ենթադրել, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք՝ հայերս, չափից դուրս հեշտ ենք հուսավառվում և նույնքան հեշտ հիսաթափվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս