Բաժիններ՝

Եթե գյուղապետի սպանության գործով տղաներիս գլխին սարքեն՝ ես չգիտեմ ինչ կլինի. մամուլ

«Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ մեզ հետ զրույցում պնդեց, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ։ Նաև որ նրանք ՀՀԿ-ականներ չեն։ Ըստ նրա՝ իր որդիներին ձերբակալել են սպիտակ «Նիվա» ունենալու համար։ Հայտնի է, որ Հրաչ Մուրադյանի մարդասպանը սպիտակ «Նիվայով» է եղել։

Նշենք, որ մեր այցելության պահին ոստիկանությունը խուզարկում էր Պետրոսյանների բնակարանը»,- գրում է «Ժամանակ» օրաթեթն ու ներկայացնում ձերբակալվածների հոր՝ Արշալույս Պետրոսյանի հետ հարցազրույցը.

Ձեր տղաները կարո՞ղ էին որևէ առնչություն ունենալ այս դեպքի հետ։

– Իմ տղաները էդ տեսակի անձնավորություն չեն։ էդ դաստիարակությունը իրանք չունեն։ Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանին՝ իմ տղաները, մենք ունեցել ենք լավ փոխհարաբերություններ։ Մենք էդ անձնավորության հետ ոչ մի խնդիր չունենք։ Իմ տղաները 100 հազար տոկոս էդ մարդիկ չեն։ Եթե էդ մարդիկ կլինեն, թող իրենք մինչև վերջ գնան, եթե չէ՝ իրանք էդ երեխեքի համար պատասխան են տալու։ Ես 100 տոկոս և իմ հետ շփվող մարդիկ, ճանաչող մարդիկ երբեք չեն կարա մտածեն, որ իմ տղաները էդ տղաներն են, ու արդյունքը ցույց կտա։ Ես իմ բառերին տեր եմ։

Մոտ 30 հոգու են հարցաքննել ոստիկանությունում, ինչո՞ւ հենց Ձեր տղաներին ձերբակալեցին։

– Էդ արդեն թող շատ մարդկանց տեղիք տա մտածելու։ Ես կարամ ասեմ, որ իմ երեխեքս էդ հարցի հետ կապ չունեն։ Իսկ թե ինչի համար են իրենց ձերբակալել, դա արդեն թող իրանք պարզաբանեն։ Ի՞նչ է նշանակում, եթե սպիտակ «նիվա» ունես, ուրեմն պետք է գնաս, հասնես չգիտեմ որտեղ։ Հիմնական խնդիրը եղել ա, որ սպիտակ «Նիվա» ա, էդ «Նիվա»–ների վերաբերյալ են էս մարդկանց տարել, հասցրել էդ տեղը։

Գյուղում միայն Դո՞ւք ունեք սպիտակ «Նիվա»։

– Գյուղում շատ սպիտակ «Նիվա» կա, բայց ի՞նչն է պատճառը, ես չեմ կարող ասել, ինչի՞ համար են էդ սպիտակ «Նիվա»–ների պատճառով տարել էդ երեկու երեխուն։

Այսինքն՝ Ձեր կարծիքով մեղադրանքն անհիմն է, և պետք է բաց թողնե՞ն իրենց։

– Միանշանակ, միանշանակ։ Իմ երեխեքս էդ դաստիարակությունը չունեն, ոչ էլ էդ կառուցվածքը ունեն։ Ոչ էլ կարան տենց հանցագործ լինեն, մանավանդ՝ գյուղապետ Հրաչ Մուրադյանի նկատմամբ։

Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը գյուղապետի հետ կատարվածի վերաբերյալ։

– Հրաչ Մուրադյանը Պռոշյանի ժողովրդի համար իր աշխատած տարիներին շատ մեծ աշխատանքներ է կատարել։ Որպես գյուղապետ՝ մարդը շատ-շատ գործեր է արել էս ժողովրդի համար։ Եվ մենք էդ տիպի գյուղապետ չենք ունեցել երբեք։ Ցավում եմ էս դեպքի հետ կապված։

Տեղեկություններ կան, որ Ձեր տղաները Հրաչ Մուրադյանի նախկին մրցակից Արթուր Մուրադյանի նախկին թիմակիցներն են, դա ճի՞շտ է։

–  Երբեք ես տենց չեմ ասի։ Իմ տղաներս ոչ մեկի թիմակիցն էլ չեն։ Իմ տղաները ընդամենը էս գյուղի հասարակության պես ապրող սովորական մարդիկ են։ Իրանք գյուղապետի ձգտողական ոչինչ չունեն։ Իրանց համար ի՞նչ տարբերություն՝ նա, թե՞ էն մյուսը։ էս ամեն ինչը իմ երեխաների նկատմամբ անարդարացի է։ Թող ամեն քննությունը գնա, պարզաբանվի։

Արթուր Մուրադյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ Ձեր տղաները եղել են իր կողքին։ Դա ճի՞շտ է։

– Իմ տղաները Արթուր Մուրադյանի հետ ընկերներ են, բայց ինչ մնում է, նրանք կարան սենց բան անեն, դա բացառվում է։ Հրաչ Մուրադյանին իմ տղաս շատ հարգում է, շատ ընդունում է։ Նորմալ վերաբերմունք է եղել փոխադարձ։ Ես չգիտեմ՝ էնտեղ ինչ խնդիր ա գյուղապետի, մյուսի, մեզ չհետաքրքրող հարցեր են։

Ձեր տղաները հանրապետակա՞ն են։

– Իմ տղաները հանրապետական չեն, ոչ մի կուսակցության չեն պատկանում։

Չեն էլ պատկանե՞լ։

– Ոչ մի կուսակցության չեն պատկանել։

Եվ պնդում եք, որ նորմալ հարաբերություննե՞ր են ունեցել գյուղապետի հետ։

– Միանշանակ։ Մի տղաս էլ աշխատում է բարերար Աբրահամյան Նիկոլի մոտ, որը դաշնակ է։

Լավ, Ձեր կարծիքով, ո՞վ կարող էր լինեն սպանության հեղինակը։

– Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես տենց մտածելակերպ չունեմ, տենց տեսակ չեմ, որ կարամ տենց բաներ ասեմ։ Ես կարամ միայն ասեմ, որ իմ տղան չի կարա տենց բան անի։ Իրանք էս հարցի հետ երբեք կապ չունեն։

Հայտնի է, որ գյուղապետի ընտրություններից հետո վիճաբանություն է եղել ՀՀԿ– ական Արթուր Մուրադյանի ու դաշնակցական Հրաչ Մուրադյանի միջև, Ձեր տղաներն այդ ժամանակ մասնակցե՞լ են։

– Իմ տղաները չեն մասնակցել։ Տեղեկություն չունեմ դրա մասին։ Ես տենց բան չեմ լսել։

Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել ոստիկանության գործողությունները։

– Իհարկե։ Ես դատապաշտպան եմ վարձել։ Արդյունքները թող լինեն քննության։ Հետա ստուգել են, խուզարկել են տները, էսօր արդեն 2-րդ անգամն ա։ Եթե փորձեն իմ տղաների գլխին ինչ-որ բան սարքել, էդ ժամանակ չգիտեմ՝ ինչ կլինի։

Իրենք ցուցմունք տվե՞լ են։

– Չգիտեմ, չեմ կարող ասել՝ տվել են, թե չեն տվել։

Մարինե Խառատյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս