Ազատ լինելու դեպքում, կասկած չունենաք, որ անձամբ կկիսեմ ձեզ հետ պայքարի բեռն ու պատասխանատվությունը, ինչը ես արել եմ 2018-ի իշխանազավթման առաջին իսկ օրերից. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նազելի Հարությունյանը նրան հարցրել է.
«Եթե լինեք ազատության մեջ, փողոցում կպայքարե՞ք ակտիվ, անձամբ դուք, Ձեր կարիքը շատ ունենք, անկեղծ»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Նախ՝ թույլ տվեք իմ համերաշխությունն ու աջակցությունը հայտնել պայքարի բոլոր մասնակիցներին, հատկապես՝ նիկոլական ռեժիմի վայրագությունների և ռեպրեսիաների ենթարկվածներին։ Շնորհակալ եմ նաև, որ այս թեժ փուլում չեք մոռանում նաև մինչ Սրբազան պայքարի մեկնարկը բանտերում հայտնված քաղբանտարկյալների մասին։
Ազատ լինելու դեպքում, կասկած չունենաք, որ անձամբ կկիսեմ ձեզ հետ պայքարի բեռն ու պատասխանատվությունը, ինչը ես արել եմ 2018-ի իշխանազավթման առաջին իսկ օրերից։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո մինչև կալանավորումս հինգ անգամ բերման եմ ենթարկվել բողոքի ակցիաներից և գործողություններից՝ բիրտ ուժի կիրառմամբ և օրենքի կոպտագույն խախտումներով։
Իսկ մինչև կրկին ազատության վերադառնալն իմ պայքարը շարունակում եմ բանտախցից՝ ինձ հասանելի բոլոր եղանակներով։ Ձեզ հետ եմ ոչ միայն հոգով, սրտով և աղոթքով, այլև մտքով»:
Մանրամասները՝ տեսանյութում: