«Տավուշում տեղի ունեցածը սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում». Ալվինա Գյուլումյան

Բաքվից հնչել են հերթական հայտարարությունները ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

«Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Ի պատասխան Բաքվից հնչող հայտարարություններին, ՀՀ ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և՝ Ադրբեջանից:

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք՝ որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Կարդացեք նաև

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ Ադրբեջանը, բնականաբար, որևէ իրավունք չունի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ՀՀ-ին պահանջ ներկայացնելու, քանի որ դա Հայաստանի ներքին հարցն է։

«Սա նշանակում է Հայաստանի ներքին գործերին միջամտել, Սահմանադրությունը մեր ապագային միտված փաստաթուղթ է և ըստ էության Ադրբեջանի գործը չէ։ Այս առումով նաև ՀՀ ԱԳ նախարարությունն է իր հայտարարության մեջ նշել, որ Սահմանադրություն փոխելը Հայաստանի ներքին գործն է։

Մեր Սահմանադրությունում երկրի հարևաններին ներկայացվող տարածքային պահանջներ, բնականաբար, չկան։ Ենթադրություն կարող ենք անել, որ նրանք մեր Անկախության հռչակագրին կարող են, այսպես ասած, հղում կատարել, նկատի ունեմ՝ Սահմանադրության նախաբանին, բայց ես այստեղ էլ խնդիր չեմ տեսնում։ Եթե Ադրբեջանը խնդիր է տեսնում, սա արդեն իրենց խնդիրն է, ընդամենը պետք է ասենք, որ չմիջամտեն մեր ներքին գործերին, դա իրենց չի վերաբերում»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, Ալվինա Գյուլումյանն ասաց՝ միջազգային իրավունքի տեսությունից բխում է, որ երկրները պետք է միմյանց հետ որոշակի հարաբերություններ ստեղծեն և միայն դրանից հետո գնան սահմանազատման ու սահմանագծման։ Հայաստանի դեպքում նման բան չեղավ։

«Նախ՝ այդ սահմանագծումը պետք է անեին, այսպես ասած՝ քարտեզների վրա, որպեսզի մեզ համար պարզ լիներ, թե ինչն է նրանցը, ինչը՝ մերը։ Նաև պետք է սահմանված լինեին ընդհանուր սկզբունքները, միայն դրանից հետո պետք է անեին սահմանագծում։ ԵԱՀԿ-ն ունի մշակված որոշակի ուղենիշներ՝սահմանազատման ու սահմանագծման համար, որտեղ ուղղակի նշված է, որ վերը նշվածները պետք է կատարվեն, հետո սկսվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Ոչ թե երկրի մի հատվածում անես սահմանազատում, հետո հայտարարես, թե հետագայում սահմանագծում ենք անելու։ Այն, ինչ եղավ Տավուշում՝ սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Տեսանյութեր

Լրահոս