Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն՝ ճաշացանկում եք. Բորել
ԵՄ բարձր ներկայացուցչի համոզմամբ՝ Եվրոպան այսօր չի կարող ինքն իրեն պաշտպանել: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համոզմամբ՝ այս պահին Եվրոպան չունի ինքնուրույն պաշտպանվելու համար անհրաժեշտ հնարավորություններ։
«Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում ուժի ներկայիս աշխարհաքաղաքական բաշխումը կամ միջազգային մրցակցությունից բխող տնտեսական և տեխնոլոգիական սպառնալիքները», – Telecinco հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ կարգը, որը մնացել է «սառը պատերազմի» ավարտից հետո, այլևս չի գործում:
«Դուք պետք է ունենաք ինքներդ ձեզ պաշտպանելու կարողություն, իսկ Եվրոպան այսօր դա չունի», – հավելել է Բորելը։
Նրա կարծիքով՝ Եվրամիության անվտանգությունը չի կարող կախված լինել այն բանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, քանի որ ամերիկացի ընտրողները կարող են Սպիտակ տան հաջորդ տեր ընտրել որևէ մեկին, ով մեծ ցանկություն չի ունենա պաշտպանելու Եվրոպան։
«Բոլորը նախընտրում են, և ես նույնպես, գումար ծախսել կարագի վրա, ինչպես ասում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «կարագն ավելի լավ է, քան թնդանոթը»: Բայց եթե թնդանոթ չունենաս, մի օր առանց կարագի կմնաս», – ասել է Բորելը:
Նա ավելացրել է, թե չի ենթադրում, որ հենց վաղը պատերազմ կլինի, սակայն համոզված է, որ Եվրոպան բավարար քաղաքական էներգիա, նյութական ու մարդկային ռեսուրսներ չի ներդնում իրեն պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ միայն միավորվելով Եվրոպան կունենա ազդելու համար անհրաժեշտ կշիռ։
«Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն՝ ճաշացանկում եք», – եզրափակել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: