Բաժիններ՝

«Խախտողների ձեռքը կտրելու ենք». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա:

ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման «ջոկատներ» ստեղծել, որոնք «արտաքին» և «ներքին» հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում՝ նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. «Սանտիմետրը դնելու՝ գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ՝ մոնղոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը:

Ներսում չենք թողնելու որևէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղադրելու. մեկը մուտքի, մյուսը՝ հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան՝ 464 տեղամասում»:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ մայրաքաղաքում 18 դպրոցների տնօրեններ հանրապետական են, միայն մեկն է ԲՀԿ-ական, վարչական ռեսուրսը ՀՀԿ-ի ձեռքում է, ընտրական «տեխնոլոգիաները»՝ նույնպես, Երևանն ընդդիմադիր է ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ԲՀԿ-ին, ավելին՝ այս անգամ, ի տարբերություն խորհրդարանականի, «վերևներում» «որոշել» են, որ ԲՀԿ-ն փող չի բաժանելու, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին «թույլ տրվեց» փող բաժանել միայն վերջին օրը:

«Միևնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ»,- քաջատեղյակ ԲՀԿ-ականի խոսքերն է մեջբերում «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս