«Հրաչ Մուրադյանի և մարզպետի հարաբերություններն առաջներում վատ էին». դաշնակցական

«Էն սահմանների վրա, երբ կռիվը սկսվեց, Հրաչն անընդհատ եղել է Ղարաբաղում` մինչև 94 թիվը, անընդհատ կռվել է, վիրավորվել»,- 168.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց իր կուսակցական ընկերոջը` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Աբրահամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դին, ով, ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացել է ստացած հրազենային վնասվածքից:

Ա. Սարգսյանն ավելացրեց, որ Հրաչ Մուրադյանը, ով Արցախյան ազատամարտի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի անդամ էր, իր ընկերների` Վարդգեսի ու Արմենի հետ, մեկ անգամ նույնիսկ ընկել է ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ և միայն հրաշքով է դուրս եկել դրանից:

«Ինքը վախ չուներ, ինքը լավ որսորդ էր, լավ ընկեր էր, լավ կռվող էր: Նա չէր վախենում թուրքից, իր ընկերների, իր հայրենիքի համար իր կյանքը կտար: Բայց, որ Հրաչը պիտի այս ձևով զոհ գնար ինչ-որ տականքների գնդակի, իմ մտքով երբեք չէր անցնի, ես չէի պատկերացնի, որ կգտնվի մի տականք, ով Հրաչի վրա զենք կբարձրացնի»,- ասաց Աբրահամ Սարգսյանը:

Մեր հարցին` այսինքն` սրանում կարո՞ղ է լինել քաղաքական ենթատեքստ, դաշնակցականը պատասխանեց. «Շատ մոտիկ է դրան, բայց դա թաքուն ձևով է արվել, դա չի բացահայտվի. կգցեն քրեածին տարրերի վրա, տենց էլ կգնա: Հիմա այդ ուղղությամբ չես կարող որևէ բան ասել, առնվազն պետք է խփողին գտնեն, որ իմանաս, թե ունի՞ քաղաքական աստառ, թե՞ ոչ: Բայց, որ իշխանությունների դուրը չէր գալիս, որ Հրաչը գյուղապետ է և դաշնակցական է, դա հաստատ է, դա միանշանակ է:  Օրինակ` մարզպետը չէր ուզենա ունենալ այդպիսի գյուղապետ, որովհետև Հրաչ Մուրադյանը դաշնակցական է, և ընտրությունների ժամանակ իշխող ուժը քիչ ձայներ էր տանում Պռոշյանից»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն էին Հրաչ Մուրադյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի հարաբերությունները:

«Էս վերջերս չգիտեմ, բայց առաջներում վատ էին: Չէ, էն մարդն ասում էր. «ես չեմ ուզում, որ գյուղապետը դաշնակ լինի»»,- պատասխանեց Հրաչ Մուրադյանի ընկերը:

Աբրահամ Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր մտքով երբեք չէր անցնի նման զարգացում, քանի որ, ըստ նրա, Հրաչ Մուրադյանին նույնիսկ նրա հակառակորդներն էին սիրում` որպես  լավ մարդ և լավ հայ:

Տեսանյութեր

Լրահոս