ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):
ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:
Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային: