Վտանգի տակ է
Պետական բյուջեն ռիսկի տակ է. Ձախողվել է առաջին եռամսյակի՝ ինչպես ծախսերի կատարումը, այնպես էլ՝ եկամուտների հավաքագրումը։
Եթե նախկինում կառավարությունը բախվում էր ծախսերի՝ ժամանակին կատարել չկարողանալու դժվարությունների հետ, ապա այս տարի սրվել է նաև եկամուտների հավաքագրման խնդիրը։ Առաջին եռամսյակի եկամուտները թերակատարվել են 6,8 տոկոսով։ Ծախսերը՝ նույնիսկ մի քանի անգամով ավելի շատ. ծախսերի թերակատարումը հասնում է 17,5 տոկոսի։
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով, առաջին եռամսյակի համար նախատեսված 563,1 միլիարդի փոխարեն՝ բյուջե է մուտք եղել 525 մլրդ դրամ։ Պակաս է ստացվել ավելի քան 38 մլրդ դրամ։
Սա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է բոցաշունչ ելույթներ ունենալ հարկերի հավաքման աննախադեպ արդյունքների վերաբերյալ։
Բյուջեի մուտքերի կատարողականը մտահոգիչ է, ու եթե առաջիկայում չհաջողվի շտկել իրավիճակը, տարեվերջին կառավարությունը կանգնելու է լուրջ փաստի առաջ. բյուջեի նախատեսված ծախսերը կատարելու համար ստիպված են լինելու նոր վարկեր վերցնել, ավելացնել պարտքերը կամ կրճատել ծախսերի մի մասը, ինչը բոլորովին էլ ցանկալի չէ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բյուջեի ծախսերի մեծ մասը պաշտպանված ու օրենքով նախատեսված ծախսերն են։
Նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամուտներն այս տարի, իհարկե, ավելացել են, բայց անհամեմատ քիչ, քան նախատեսել են։ Արձանագրված աճի մի մասն էլ արհեստական է։
Ինչպես հայտնի է, որոշել են հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկի գումարներն այս տարի ներառել բյուջեում։ Արդյունքում՝ եկամուտների ցուցանիշներն արտաքուստ ավելացել են, բայց ոչինչ չեն տվել բյուջեին։
Առաջին եռամսյակում ավել ստացված գրեթե 41,4 մլրդ դրամից 16,4 միլիարդը հենց վերադարձված եկամտային հարկի գումարներն են, որոնք մտցրել են բյուջեի մուտքերի մեջ։
Առանց այդ գումարների՝ մուտքերի աճը կկազմեր հազիվ 5,2 տոկոս, ինչը բավական համեստ ցուցանիշ է։
Նույնիսկ հիփոթեքի գումարները ներառած՝ եկամուտների մեծ աճեր չկան։
«2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8,6 տոկոսով կամ շուրջ 41,4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների աճով:
Նշենք, որ 2024 թվականին հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը, որը նախկինում նվազեցվում էր եկամտային հարկից, ձևակերպվում է՝ որպես պետական բյուջեի ծախս, որի գծով հաշվետու ժամանակահատվածում հատկացվել է 16,4 մլրդ դրամ:
Հաշվառման նախկին մոտեցումը կիրառելու դեպքում եկամուտների աճը կկազմի 5,2 տոկոս (24,9 մլրդ դրամ)»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունն առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվության մեջ:
Հիփոթեքի վերադարձը ներառյալ՝ բյուջեի եկամուտներն աճել են 8,6 տոկոսով, ինչն անհամեմատ ցածր է, քան նախատեսված էր։ Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված է տարեկան եկամուտների 15,4 տոկոս աճ։ Առաջին եռամսյակում արձանագրված մուտքերի աճի տեմպը գրեթե կրկնակի ցածր է։ Դրանով էլ պայմանավորված՝ արձանագրվել է բավական մեծ թերակատարում։
Նախատեսված էր նախորդ տարվա համեմատ ավել հավաքել 79,4 մլրդ դրամ, կարողացել են հավաքելը 41,4 միլիարդը։
Թերակատարումը եղել է գերազանցապես հարկային եկամուտների հաշվին։
«2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 500,6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշի 92 տոկոսը»,- ասված է ֆինանսների նախարարության հաշետվության մեջ։
Հարկային եկամուտները ծրագրվածից պակաս են եղել 43,6 մլրդ դրամով։
Պլանավորված է եղել հավաքել 544,2 մլրդ դրամ, հավաքել են 500,6 միլիարդը։
Բյուջեի հարկային եկամուտների թերակատարումն առաջին եռամսյակում կազմել է 8 տոկոս։
Նախորդ տարվա համեմատ պիտի ավել հավաքեին 82,9 մլրդ դրամ, կարողացել են հավաքել 39,3 միլիարդը։ Կեսից էլ պակասը։ Մնացածը թերակատարվել է։ Այդ թերակատարման հետևանքով էլ բյուջետային եկամուտների բավական մեծ բաց է առաջացել առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշներում։
Նախորդ տարվանից պակաս մուտքեր են ստացվել ԱԱՀ և ակցիզային հարկի գծով։
ԱԱՀ մասով նվազել են հատկապես ներմուծումից գանձվող գումարները։ Նվազումը հասնում է 23 տոկոսի։ Նախորդ տարվանից 26,6 մլրդ դրամով պակաս մուտք է եղել։
Սա տարօրինակ է նրանով, որ ներմուծումն այս տարի շարունակել է մեծ տեմպերով ավելանալ։ Առաջին եռամսյակում գրեթե 76 տոկոս աճ է գրանցվել։
Ներմուծման այսպիսի բարձր ակտիվության պայմաններում ներմուծման ԱԱՀ մուտքերի կրճատումը հարցեր է առաջացնում, որոնք ամենևին էլ կառավարության ու Պետեկամուտների կոմիտեի օգտին չեն։ Նույնը վերաբերում է նաև ակցիզային հարկին, որի մուտքերի նվազումը ևս կապված է ներմուծման հետ։
Այս դեպքում էլ ներմուծման մասով նախորդ տարվանից պակաս է ստացվել 5,7 մլրդ դրամ։
Բյուջեի կատարման գործընթացում այս տարի էլ շարունակում է զգացնել տալ խրոնիկ դարձած հիվանդությունը՝ ծախսերի թերակատարումը։ Առաջին եռամսյակում ծրագրված մեծ քանակությամբ ծախսեր չեն իրականացվել։
Նախատեսված է եղել 637,5 մլրդ դրամի ծախս, կատարել են 525,9 միլիարդը։
Ավելի քան 111 միլիարդի ծախսեր, որոնք պիտի արվեին առաջին եռամսյակում, մնացել են թղթի վրա։
Թերակատարված ծախսերի մեջ, ինչպես միշտ, մտնում են նաև կապիտալ ծախսերը։ Թեև նախորդ տարվա համեմատ այստեղ որոշակի տեղաշարժ կա, այնուհանդերձ թերակատարումն անցնում է ընդհուպ 25 տոկոսից։
Նախատեսված 94,8 մլրդ դրամ կապիտալ ծախսերից կատարվել է միայն 71 միլիարդը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ