Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և ՀՀ քննչական կոմիտեն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին և մասնակիցներին զգուշացումներ են արել:
Նշենք, որ այսօր ժամը 16:00-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը կլինի Հանրապետության հրապարակում:
Իսկ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժայինների այդ զգուշացումներին, նշել է՝ գործ է, անում են:
Նա ասել է, որ իրենք պատասխան ունեն ստանալու, ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանը ստանալու համար:
«Մենք ասել ենք և պնդել ենք՝ գալիս ենք պատասխան ստանալու, և վերջ: Կտա՞ն այդ պատասխանը՝ կտան, մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, մեղք են իրենք: Ամոթ է»,- շարունակել է Սրբազանը՝ հավելելով, որ իրենք հաշտության կոչով են, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով և հաղթանակի տեսիլքով:
Վերադառնալով ուժայինների զգուշացումներին՝ Բագրատ Սրբազանն ասել է.
«Ես իրենց խորհուրդ կտամ հայելի օգտագործել՝ տնից դուրս գալուց և տուն գնալուց: Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է, և իրենք են մեղավորը:
Եվ հենց հիմա իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ: Որևէ ձևով որևէ հրահրում, որևէ քայլ, որևէ բռնություն, անօրինություն, ապօրինի հրաման անհանդուրժելի է լինելու: Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում:
Մենք կանգնելու ենք ձեր դիմաց, էս ժողովուրդն անտեր ժողովուրդ չի, վախեցրել եք, սարսափեցրել, անզորության զգացում եք փոխանցել: Հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում, և ձեզ համար է պահանջում, հարգելի իրավապահներ՝ ԱԱԾ, Ոստիկանություն:
Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին: Վահե Ղազարյան, մենք իրար հետ ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում, որևէ ձևով, կերպով անօրինական որևէ հրաման, հրահրում տեղի ունեցավ՝ առաջին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու, մյուս իջևանցիներին էլ եմ ասում: Բոլորիդ: Բավական է: Լավ ճանաչում եք ինձ, Դուք շատ լավ եք ճանաչում ինձ՝ խորքով, իմ մտածումներն էլ գիտեք, գաղափարներն էլ գիտեք, ապրումներն էլ, զգացումներն էլ: Դուք էլ կիսում եք այդ բոլորը, հոգ չէ, որ պատերի տակ եք խոսում, բայց կիսում եք: Հետևաբար՝ շատ խիստ եմ ասում՝ եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է՝ ձեր ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի և պատվի պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, պետք է լիներ արտաքին թշնամու դեմ: Նորից եմ կրկնում՝ Վահե Ղազարյան, ՆԳ նախարար, առաջինը Դուք, և Ձեզ տրվող ապօրինի հրամանը և Ձեր կողմից իջեցված ապօրինի հրամաններ տեղի չեն ունենալու: Եվ բոլոր մյուս կառույցներին եմ ասում: Մենք մնալու ենք այնքան, մինչև մեր պահանջներն և նպատակներն իրականացվեն: Իսկ որոնք են մեր պահանջները՝ այսօր կլսեք»:
Մանրամասները՝ տեսանյութում