PSMA PET/CT սկանավորումը՝ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերելու լավագույն մեթոդ
Վերջին շրջանում ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն է ձեռք բերել Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդը, որն այսօր առավել հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդ մարդանց հետազոտելու համար։ Բժիշկներն օգտագործում են PET/CT սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:
Այն նաև օգտագործվում է նյարդաբանության և օրթոպեդիայի ոլորտում։ Իսկ PSMA PET/CT սկանավորումը նախատեսված է հիմնականում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդներին հետազոտելու համար, և միտված է մարդու ամբողջ օրգանիզմում հայտնաբերելու քաղցկեղային բոլոր ախտահարումները։
Ի՞նչ է PSMA PET/CT սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ե՞րբ և ո՞ր դեպքում է կիրառվում: Ինչու՞ է այն եզակի: PSMA PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Ռիտա Բեջանյանը:
Մասնագետը մանրամասնեց՝ քաղցկեղը տարածման հակում ունի և շատ կարևոր է այն ճիշտ ախտորոշելը։ Պետք է հասկանալ, թե մարմնի ո՞ր հատվածում կան ուռուցքային բջիջներ, և կան արդյո՞ք, թե ոչ։ Իսկ այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գրեթե 90-100 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել ուռուցքային բոլոր տեսակի ախտահարումները։ Այն այսօր բժշկությանն ամենահայտնի ինֆորմատիվ հետազոտությունն է համարվում։
«Շագանակագեղձի քաղցկեղի պարագայում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս ստանալ 100 տոկոս դրական արդյունք, իսկ PSMA PET/CT հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի շուտ հայտնաբերել մարմնում տեղի ունեցող փոփոխությունները, ճիշտ փուլերի բաժանել այս հիվանդությունը, համապատասխան բուժման սխեմա կազմել՝ բարձրացնելով հիվանդների կյանքի որակը և ապրելիությունը»,-նշեց Բեջանյանը։
Անդրադառնալով հետազոտության ընթացքին՝ մասնագետն ասաց՝ նախքան PSMA PET/CT սկանավորումը բուժառուն ստանում է փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութ, որ գտնում և կապվում է միայն շագանակագեղձի ուռուցքային բջիջների հետ՝ այն տեսանելի դարձնելով հետազոտության ընթացքում։ Այսինքն՝ PSMA PET/CT սկանավորումը ցույց է տալիս, թե որտեղ է կուտակվում ռադիոակտիվ կոնտրաստը բուժառուի մարմնում, որի միջոցով հայտնաբերվում և տեսանելի են դառնում ուռուցքների և ախտահարված բջիջների տեղակայումները»,-նշեց մասնագետը: