Գիտնականները նշել են մթերքներ, որոնք կարող են նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ուտում են գունավոր մրգեր և բանջարեղեն, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը ցածր է: Հետազոտությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակված է Cancers ամսագրում:
Գիտնականները համեմատել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների և առողջ մարդկանց պլազմայում միկրոէլեմենտների կոնցենտրացիան: Պարզվել է, որ լյուտեինի, լիկոպինի, ալֆա-կարոտինի և սելենի ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ, ինչպես նաև երկաթի, ծծմբի և կալցիումի բարձր պարունակություն ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով։
Բացի դրանից, քաղցկեղի դեմ ճառագայթային թերապիա ստացած տղամարդիկ ավելի շատ ԴՆԹ-ի վնաս են ստացել, եթե արյան պլազմայում լիկոպինի և սելենի ցածր մակարդակ են ունեցել:
Լիկոպինով հարուստ մթերքներն են լոլիկը, սեխը, պապայան, խաղողը, դեղձը, ձմերուկը և լոռամիրգը: Սելենով հարուստ մթերքներն են սպիտակ միսը, ձուկը, խեցեմորթը, ձուն և ընկույզը:
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ, ըստ նախորդ ուսումնասիրությունների, բնականաբար լիկոպենով և սելենով հարուստ մթերքներ օգտագործելը նախընտրելի է հավելումներ ընդունելուց, որոնք ունեն սահմանափակ օգուտներ։
Գիտնականները հավելել են, որ խորհուրդ են տալիս հավատարիմ մնալ միջերկրածովյան սննդակարգին սննդաբանի օգնությամբ։ Նաև շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնում է նման հիվանդությամբ մերձավոր ազգականների, տարիքի, ավելորդ քաշի առկայության դեպքքւմ։ Կաթնամթերքով հարուստ և վիտամին E-ով հարուստ սննդակարգը նույնպես կարող է մեծացնել վտանգը, սակայն ապացույցներն այնքան էլ վերջնական չեն: Վիտամին E-ն առկա է բուսական յուղերում, ընկույզում, սերմերում, մրգերում և բանջարեղենում: