Դուք էլ գուգլում կարող եք փողոցի անուն փոխել, եթե ակտիվ ռեփորթներ կազմակերպեք. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին հարցազրույց տալու ժամանակ նորից անդրադարձավ GPS-ով սահմանազատմանը, նաեւ ասաց, որ գետնի վրա ոչ մի կետը չի համընկնում սարքերի ցույց տված կետերի հետ, եւ սահմանազատման ժամանակ միշտ 50-100 մետրի տարբերություն է տալիս։ Մենք զրուցել ենք IT փորձագետ Ռաֆայել Տոբելյանի հետ:

GPS-ով սահմանագծում իրականացնելու պրակտիկա եղե՞լ է մինչեւ մեր՝ հայաստանյան այս փորձառությունը, եւ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են աշխատում GPS-ն ու Google Maps-ը, դրանք այնքան ճշգրիտ կոորդինատներ են պարունակում, որ կարելի է օգտագործել սահման գծելու համա՞ր:

– Եթե տեխնիկական տվյալներով դիտարկենք, Google Maps-ը չի կարող համարվել հարյուր տոկոս ճշգրիտ, այն որոշակի չափով ճշգրտումների կարիք ունի: Այն ի սկզբանե ստեղծվել է որպես արբանյակից արված նկարների բազա, հետո կոդային մակարդակով եւ տվյալների հիմքի վրա ավելացվել են GPS տվյալներ, որոնք եթե անգլերենից թարգմանենք, կոչվում են բարձրություն եւ լայնություն, ու դրա հիմքի վրա արդեն GPS տվյալներ են դրվում նկարի ներքեւի ֆոնին: Այն հարյուր տոկոս ճշգրիտ չէ, բայց Google Maps-ը հիմնականում բավականին ճշգրիտ է։ Սակայն եթե Երկրի մասշտաբով նայենք, օրինակ, Ադրբեջանը կարող է մեծ քանակությամբ ռեփորթ տալ Google Maps-ի վրա՝ նշելով, որ սխալ են գծել, ու Google Maps-ը դա կարող է ավտոմատ փոխել՝ այդ պահանջներին համապատասխան:

Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածով փոխել Google Maps-ի տվյալները՝ պարզապես ռեփորթներ ուղարկելո՞վ:

– Այո, կարող է ռեփորթներով փոխել… Օրինակ, Դուք Ձեր անձնական Գուգլի էջով կարող եք մի ամբողջ փողոցի անուն Հայաստանում փոխել, մտնել ու գրել, որ այս հասցեն սխալ է գրված։ Ասենք՝ որ պետք է լինի Նաիրի Զարյան փողոց, բայց իրականում դա Կոմիտասն է: Իրենք իրենց մոտ ստուգումների համակարգ՝ checkup-ներ ունեն, մարդիկ են նստած, եւ այդ ռեփորթը 7 օր է քաշում կամ կարող է մի քիչ երկար տեւել։ Ստուգում են՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ճիշտ չեք ասում, եւ ուղղում են անցկացնում: Բայց այդ ստուգումն անցկացնում են, օրինակ, support բաժնի հնդիկ մասնակիցները, որոնք պահի տակ կարող են ավտոմատ սեղմելով կոճակը՝ հաստատել ռեփորթը:

GPS-ն ինչպե՞ս է աշխատում:

– GPS-ը նույն տվյալներով է աշխատում, վերցնում է նույն բարձրությունն ու լայնությունը, նայում է, թե այս պահին որտեղ եք գտնվում, այն հիմնականում մի քանի մեխանիզմով է աշխատում… Չնայած շատերը մտածում են, որ այն արբանյակին է միանում ու դրանով աշխատում, սակայն GPS-ն արբանյակին չի կպնում, իրականում չափում է հեռավորությունը՝ մոտակա բջջային օպերատորի ընդունման սարքի՝ Յուքոմի կամ, օրինակ, Վիվասելի անտենայի, ում բաժանորդը որ դուք եք այդ պահին, մոտավոր տվյալներով հաշվարկ է անում ինտերնետի հիմքի վրա եւ հասկանում է, թե որտեղ եք դուք գտնվում:

Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում նման բան եղե՞լ է, որ պետական սահմաններ գծեն՝ GPS-ի վրա հիմնվելով:

– Հստակ չեմ կարող ասել՝ նման պրակտիկա եղել է, թե ոչ, բայց, իմ կարծիքով, դա նորմալ չէ, ավելի պրոֆեսիոնալ գործառույթներ պիտի լինեն, որպեսզի կարողանաս պետական սահման գծել հատուկ սարքավորումներով, ոչ թե նստես Google Maps-ով կամ Yandex карта-ով սահման գծես:

Վճարովի ծառայություն կա՞, որ Ադրբեջանը, օրինակ, վճարի Google Maps-ին, ու որոշ տարածքներ ներկայացվեն որպես ադրբեջանական:

– Ոչ, նախ GPS սարքավորման հետ ոչինչ անել չեն կարող, այն ստանդարտ ալգորիթմով է աշխատում, ալգորիթմն էլ հաշվում է անտենայից անտենա հեռավորությունը, ազդանշանի ուժն ինչքան է, ու որ մասով մոտավորապես դու կգտնվես՝ ճշգրտությունը մեկ մետրի չափով է՝ մեկ մետր աջ-ձախի տարբերություն տա: Իսկ Google Maps Google-ն իր տեսակով բավականին ապակենտրոնացված ընկերություն է… Ընդհուպ դեպք է եղել, որ Բայդենն անձամբ խնդրել է, որ որոշակի տեղեր, որտեղ ռազմական կետեր են եղել, ու որոնք քարտեզի վրա չեն թաքցվել՝ չեն ջնջվել, Google-ը մերժել է ու չի ջնջել: Նման դեպքեր եղել են, այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե կարող են փողով քարտեզի դիրք փոխել:

Փաստորեն, այստեղ կարեւոր դերը խաղում է ադրբեջանցիների կողմից կազմակերպված ու համակարգված աշխատանքը:

– Դե, եթե լավ կազմակերպեն՝ այո: Եթե նկատեցիք, պատերազմից առաջ մեր տարածքների անունները Google Maps-ում գրվում էին թե՛ հայերեն, թե՛ ադրբեջաներեն… Պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ մի երկու-երեք օր էր անցել, մեկ էլ ամբողջ Google Maps-ը փոխվեց, Արցախը Հայաստանից կտրվեց, անունները փոխվեցին-դարձան ադրբեջանական անուններ, եւ շատ արագ կազմակերպեցին: Դա Google-ի աշխատակիցները չեն արել՝ դա ռեփորթների հիմքի վրա է տեղի ունեցել: Եթե հիմա Google-ում փնտրեք, կարծեմ, Ոսկեպարի մոտ, մեծացնեք, կտեսնեք, որ մեր հայերն ավելացրել են փիներ, որտեղ ինչ-որ վատ բառեր կամ հայհոյանքներ են գրված կամ այլ բաներ: Ուզում եմ ասել, որ մեր հայերն ավելացրել են բառեր Google Maps-ում․ այստեղ հարց է առաջանում, եթե մարդիկ կարող են բառեր ավելացնել, որքանո՞վ է ճշգրիտ այդ ինֆորմացիան: Նույնը վերաբերում է նաեւ Վիքիպեդիային․ ցանկացած մարդ կարող է այն փոխել ու չնայած հաստատումն անցնում է, բայց մինչեւ ադմինիստրատորը հաստատի՝ բազմաթիվ մարդիկ կարդալու են դա:

Տեսանյութեր

Լրահոս