«Սրա համար էինք ասում, որ պարտված առաջնորդը չպետք է վերընտրվի. Վերջապես, ինչո՞ւ ես կպել մեր երկրին, ի՞նչ ես ուզում». Գուրգեն Խանջյան

Տավուշում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են, չնայած երեկ լուսադեմին ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ուժ գործադրելով՝ բերման էին ենթարկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած՝ հատկապես տղամարդկանց, այդուհանդերձ, բնակիչները չեն դադարեցնում իրենց ակցիաները։

Բնակիչներն իշխանություններից պահանջում են դադարեցնել Ադրբեջանի հետ սկսած սահմանազատման գործընթացը, որով իշխանությունը միակողմանի Ադրբեջանին է զիջում Տավուշի մարզի սահմանամերձ 4 գյուղ, առանց երաշխավորելու հարակից բնակավայրերի բնակչության անվտանգությունը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը Տավուշում տեղի ունեցող գործընթացը բնորոշեց՝ խայտառակություն։

«Իդեալական տարբերակ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը միջազգային երաշխավորների միջնորդությամբ բանակցեին, տրվեին հստակ երաշխիքներ, պարտված առաջնորդը վախենում է գնալ դեմ-հանդիման բանակցությունների և ինչ-որ պայմաններ առաջադրել, գնա ու ասի՝ այսքանը հնարավոր չէ զիջել, որովհետև այստեղ մարդիկ են ապրում, ճանապարհը մեկ այլ կողմով պետք է անցնի, և այլն։ Սրա համար էինք ասում, որ պարտված առաջնորդը չպետք է վերընտրվի, նա չի կարողանալու մասնակցել բանակցություններին, չի կարողանալու խնդիրները լուծել ի շահ Հայաստանի։

Կարդացեք նաև

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա՝ ռուսներին Հայաստանից վտարելու համար մեր առաջնորդը պատրաստ է ամեն ինչ զիջել, հերթով, նույնիսկ ամբողջ Հայաստանը, ու մտնել թուրքի հովանու տակ, մենք էլ դառնանք թուրքի սպասարկու, թուրքի պատվերով «թազա» Հայաստանի «թազա» պատմություն գրենք։ Սա անընդունելի է, աբսուրդ։

90-ականներից հետո մենք մի երկու անգամ ենք ոտքի ելել ու մասսայաբար ինչ-որ բանի դեմ գնացել, որից մեկը 2018 թվականին էր՝ ի վնաս մեզ, և 2021 թվականին՝ առավելս ևս ի վնաս մեզ։ Հիմա կարծես մարդիկ հիպնոսի մեջ լինեն, տեսնում են, որ երկիրը կամաց-կամաց հանձնվում է, այնպես, ինչպես Արցախը հանձնվեց, և ՀՀ իշխանությունը որևէ բան չարեց, բայց ոտքի չեն կանգնում»,- նշեց Գուրգեն Խանջյանը։

Ըստ նրա, տեսնում է, որ մարդիկ այդքան էլ չեն ուզում համախմբվել, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում նրանց հիպնոսացրել, վախեցրել ու ստորացրել են, խլել ազգային արժանապատվությունը։ Իշխանությունն իր բոլոր գործիքակազմերով՝ դրսից ու ներսից, կարողացել է դրան հասնել։

«Այս ամենից բացի, չկա միասնական ընդդիմություն, որը կկարողանա ժողովրդին համախմբել ու տանել իր հետևից։ Ասում են՝ կրիտիկական մասսա պետք է հավաքվի, եղբա՛յր, դու եղած մասսային կառավարիր, կրիտիկական մասսան կհավաքվի։ Ես չգիտեմ, հիմա ընդդիմության մեջ ի՞նչ ուժ պետք է լինի, որ կարողանա բարձրացնի ժողովրդի ոգին, որը սարսափելի ընկել է։ Ինձ համար իդեալական տարբերակ կլիներ ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը մեկ տարվա ընթացքում կնախապատրաստեր նոր ընտրություններ, ժողովուրդն էլ ամեն ինչ կտեսներ ու իր ընտրությունը կկատարեր»,- հավելեց դրամատուրգը։

Գուրգեն Խանջյանը վստահ է՝ հայ մարդն այսօր ուզում է վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը, բայց չգիտի, թե ինչպես է, որ մշտապես քայլեր է ձեռնարկում ու չի ստացվում։

«Ինձ համար ցավալի է, 90-ականներին տեսել եմ, թե ինչ դժվարություններով՝ ընկնելով ու կանգնելով, մի կերպ քարը քարին դնելով՝ երկիր ենք սարքել։ Բայց այսօր եկել են մի խումբ դիլետանտներ, որ զրոյացնում են բոլոր ձեռքբերումները, քանդում ամեն բան, հպարտ քայլող հայի արժանապատվությունն իջեցնում շրիշակի մակարդակի։

Այս մարդն ամեն ինչ ուզում է վերացնել և իրենից սկսել, չեմ հասկանում՝ ուզածն ի՞նչ է, Նապոլեոնը չէ, այլ խղճուկ մի երևույթ, և մենք մեր հույսը պետք է դնենք այս մարդու վրա՞, ապշելու բան է։ Ես չգիտեմ՝ սա ի՞նչ փորձանք է, որ մենք մեր ձեռքով բերեցինք ու դրեցինք մեր գլխին։ Եթե ոտքի կանգնեցինք՝ կանգնեցինք, եթե չէ՝ շատ վատ է լինելու, հիմա վատ է, բայց ավելի վատ է լինելու։ Չեմ հասկանում՝ այս մարդը այս մի քանի քառակուսի կիլոմետրի վրա ի՞նչ բախումներ է հրահրում, լավ-վատ՝ երկիրն ապրում էր։ Գնա՛, որ Հայաստանը փրկվի։ Ի՞նչ է ուզածդ, ուզում ես դառնալ թուրքի վիլայե՞թ, գնա դարձիր, մենք չենք ուզում, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը չցանկացավ մեկնաբանել հանրային հեռուստատեսությամբ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը՝ եթե կիրանցեցի երեխաները իրենց դպրոցի մոտ չեն ուզում տեսնել ադրբեջանցի զինվորականների, կարող են դպրոցի մոտ ծառեր տնկել։

«Նրա խոսքերը պետք է լուրջ ընդունել՝ որպես թշնամական խոսք, լուրջ ընդունել ու պաշտպանվել։ Բայց ես արդեն վաղուց չեմ կարողանում լսել այդ մարդուն, ուղղակի չեմ լսում, արդեն ֆիզիկական խորշանք ունեմ։

Վերջապես, ինչո՞ւ ես կպել մեր երկրին, ի՞նչ ես ուզում։ Ես չգիտեմ՝ Հայաստանը երբևէ նման առաջնորդ ունեցե՞լ է․․․ չէ, անհնար է։ Եվ սա մենք տանում ենք, գլուխներս կախ՝ տանում ենք։

Ու այս իրավիճակում եկեղեցականների, հոգևորականների վրա կեղծիք ու ցեխ են շպրտում։ Այդ մարդիկ տեսնելով, որ իշխանությունն անճարակ է, իրենք են ոտքի կանգնել, սա մեծ հարգանքի է արժանի։ Բայց տեսեք, թե իրենց հարազատ մեթոդներով, այն է՝ դեղին մամուլի զրպարտանքով ու կեղծ օգտատերի կեղտոտ հարձակումներով ի՜նչ ցեխ են շպրտում ու ստի քարոզ տարածում»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։

Տեսանյութեր

Լրահոս