ՀՀ ԱՍՀ նախարարն ու Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունների թվայնացման, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև թվային տնտեսության դերը երկրների զարգացման գործում:

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ներուժի բացահայտմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։ Քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող թվային լուծումները։

Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս