Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։ Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց.

«ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի քաղաքապետի, հյուպատոսի, թեմի առաջնորդի հետ են հանդիպելու։ Տավուշյան այս դեպքերից առաջ է գնացել»: Իսկ հնարավո՞ր է, որ ավելի շուտ վերադառնա՝ հաշվի առնելով, որ իր համայնքում լարված իրավիճակ է։ «Չեմ կարող ասել, Ամերիկան է կազմակերպել»։

Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տարակուսում է Նոյեմբերյանի համայնքապետի պահվածքից. «Ինքը պիտի հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչեւ այս պահն ընդամենը կցկտուր բաներ է մեզ ասել»։ Չնայած Աղաբաբյանին պինդ, իր հողին նվիրված մարդ են համարում, բայց այս լարված պահին ԱՄՆ մեկնելը շատերը չեն ընկալում:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Աղաբաբյանն ԱՄՆ է մեկնել մինչեւ Տավուշի այս դեպքերը, եւ շեշտում է՝ Աղաբաբյանը հայտնել է դիրքորոշում, վերադառնալուն պես էլ կանգնելու է տավուշցիների կողքին։ Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետը «հորիզոնից» դուրս եկավ մարտի 12-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզից այս տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նրանից՝ ապարդյուն։ Նա մեկնել է ԱՄՆ՝ Նիկոլ Փաշինյանի` Տավուշ այցից մոտ մեկ ամիս անց, երբ արդեն երեւում էր դեպքերի ընթացքը։

 

Տեսանյութեր

Լրահոս