Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Ինչպես տեղեկացնում ենք Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։