Չեմ կարող մեկնաբանել Հաջիևի խոսքը. ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում. Գալյան
Մենք տարիներ է՝ խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին և միշտ ես նշում եմ նույն բանը, որ Սահմանադրությունը փոխելը կամ չփոխելը միայն մեր ներքին խնդիրն է և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու՝ ունենալ կամ չունենալ նոր սահմանադրություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ «իրական Հայաստանի» հայեցակարգը տեղ կգտնի նոր Սահմանադրությունում։
«Այն, որ Սահմանադրություն այն որ սահմանադրության նախագիծը մշակվում է, բացարձակ գաղտնիք չէ։ Այն որ նոր սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն, դա էլ գաղտնիք չէ, հետևաբար մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և իրականացնել դրանք։ Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով որևէ բան նշել չեմ կարող»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ շուտով լինելու է Սահմանադրության փոփոխությունը և արդեն իսկ որևէ խոչընդոտ չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, Գալյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, ենթադրում եմ՝ սեփական մտքեր է։ Մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն, թե կունենանք նոր սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսվել է նոր սահմանադրություն ունենալու մասին և ժողովուրդը իր վստահության քվեն տվել է մեզ, հետևաբար դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը սահմանադրության մշակման, դրա հետագայում հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»։
Հարցին՝ ե՞րբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Այսինքն, երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման և շատ երկար և մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ո՛չ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ն խորհրդարանում չունի 2/3, որպեսզի կարողանա Սահմանադրության փոփոխության նախագիծը դնել հանրաքվեի, արդարադատության նախարարը նշեց, որ իրենք նախագիծը համապատասխան կարգով կներկայացնեն ԱԺ. «Եթե ԱԺ–ն չհաստատի, ապա կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիություն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես, ստորագրություններ։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն: Ես որևէ սցենար չեմ բացառում»։
Նա նաև հայտարարեց, որ նոր Սահմանադրությունում կոնցեպտուալ փոփոխություն եկեղեցու մասով չի նախատեսվում։

