ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված օպերատորը
Մալթայում գրանցված Random Systems International ընկերությունը կդառնա Հայաստանի խաղային ոլորտի կարգավորման օպերատորը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Ավելի վաղ օրենսդրությամբ կատարված փոփոխությունների համաձայն՝ օպերատորն առցանց խաղային հարթակներից կհավաքագրի խաղադրույքների վերաբերյալ տվյալներ։ Դա կառավարությանը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հաշվառել այդ հարթակների շրջանառությունը և ապահովել հարկերի ամբողջական գանձումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխություններով առցանց խաղադրույքներ կատարելու իրավունքից զրկվել են զինծառայողները, իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև պետական նպաստ ստացող քաղաքացիները և սոցիալապես անապահով ընտանիքների անդամները։
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի բնակիչները տարեկան առցանց խաղատներում և շահումով խաղերի հարթակներում կատարում են ավելի քան 15 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով խաղադրույքներ։ Ընդ որում, նույն գումարը կարող է մի քանի անգամ շրջանառվել, քանի որ այն կարող է օգտագործվել բազմաթիվ խաղադրույքների համար։

