Նորընծա չեմպիոն Նարե Իսախանյանի հետ մասնագետներն ու մարզիչները մեծ հույսեր են կապում
Ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության եզրափակիչ մրցաշարը: 2024 թվականի Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն հռչակվեց Նարե Իսախանյանը։ Արինա Մինասյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Արիանա Չիլինգարյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ պատանիների առաջնությունը բոլոր մասնակիցների համար չափազանց կարևոր է և միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում։
«Մրցաշարն անցավ շատ լարված ու հետաքրքիր պայքարում, որտեղ արձանագրվեցին բավականին դիտարժան մրցախաղեր։ Պատանիների մեջ կան շնորհալի շատ շախմատիստներ, որոնց զարգացման գործընթացը բավարար է, և նրանք հետագայում կարող են շարունակել հայկական շախմատի լավագույն ավանդույթները։ Պատանիների մրցաշարը կարևոր է նաև այն առումով, որ չեմպիոնն իր տարիքային խմբում կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ փոխչեմպիոնը Հայաստանը կներկայացնի նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում»,-ասաց Լպուտյանը։
Անշուշտ, շնորհալիներից մեկն էլ նորընծա չեմպիոն Նարե Իսախանյանն է, ով Հայաստանի առաջնությունն անցկացրեց բավական վստահ, մեկ շնչով և վաստակելով 9 միավոր 11 հնարավորից՝ իր տարիքային խմբում դարձավ միանձնյա հաղթող։
Նարեն մեզ հետ զրույցում նշեց, որ մրցաշարում ուներ երեք-չորս հիմնական մրցակից, բայց կարողացավ բոլորի նկատմամբ հասնել առավելության։
«Շախմատ խաղում եմ ոչ թե մարզական հետաքրքրությունից ելնելով, այլ ունեմ շատ լուրջ նպատակներ։ Ամեն օր առնվազն երկու ժամ հատկացնում եմ շախմատին, կարդում եմ գրականություն, ուսումնասիրում եմ պատմության մեջ մտած առավել հետաքրքիր մրցախաղերը։ Շախմատը չի խանգարում հանրակրթական դպրոցի դասերին, իմ ուսուցիչներն ու տնօրենը տեղյակ են հաջողություններիս մասին։ Բոլորն էլ ինձ ոգևորում են և ուրախանում իմ հաղթանակներով։ Սպասում եմ մեր տարիքային խմբի աշխարհի առաջնությանը, կանեմ ամեն ինչ՝ մրցանակային տեղ զբաղեցնելու համար»,- ասաց պատանի չեմպիոնը։
Նարեն հավելեց, որ շախմատում իր կուռքը Տիգրան Պետրոսյանն է։ Հանգամանորեն ուսումնասիրել է «Երկաթե Տիգրանի» ֆենոմենալ պարտիաները և ձգտում է հասնել նույն բարձունքին։
Շախմատի ակադեմիայում նրա մարզիչ Սարգիս Մանուկյանն իր սանի մասին ասաց, որ Նարեն ունի մեծ ներուժ, նրա խաղը հագեցած է ու ռիսկային։ Մարզիչը համոզված է, որ իր սանին սպասում է մեծ ապագա։
«Նարեն ինձ մոտ սկսեց մարզվել նախորդ տարվա սեպտեմբերից, ու քանի որ 8 տարեկանների առաջնությունում նույնպես դարձել էր չեմպիոն, մասնակցեց Եգիպտոսում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը։ Թեև այնտեղ նա համեստ արդյունք ցույց տվեց, բայց ձեռք բերեց զգալի փորձառություն։ Երկու տարվա ընթացքում Նարեն գրանցել է զգալի առաջընթաց, և հույս ունեմ, որ արդեն 10 տարեկանների աշխարհի առաջնությունում կդառնա մրցանակակիր»,- ասաց Մանուկյանը։
Մարզիչը նշեց, որ պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին, և իրենք լրջորեն նախապատրաստվում են այդ մարզական ստուգատեսին։ Ամռանը Ջերմուկում կկայանա Ստեփան Ավագյանի անվան ավանդական մրցաշարը, որը սովորաբար ուժեղ կազմ է հավաքում։ Այնուհետև սեպտեմբերին Ստեփանավանում տեղի կունենա կարևոր հավաք, որին կմասնակցեն բարձրակարգ ու անվանի շախմատիստներ, մասնագետներ, մարզիչներ և իրենց կենսափորձով կօգնեն պատանի մարզիկներին։ Մանուկյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ իր սանը շախմատի ակադեմիայում ընդգրկված է ուժեղների խմբում, որտեղ կա բավականին լուրջ մրցակցություն, և խաղային մակարդակի բարձրացմանը զգալիորեն նպաստում է պայքարը հատկապես հասակակից տղաների հետ։
Ընթացիկ տարվա հունվարին Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում Նարեն պայքարեց հենց տղաների հետ և 9-ը հնարավորից վաստակելով նույնքան միավոր՝ արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը։ Սովորաբար շախմատում աղջիկների հնարավորություններն ավելի համեստ են՝ ի տարբերություն տղաների, սակայն Մանուկյանը չի հիշում մեկ այլ դեպք, երբ աղջիկը, մասնակցելով տղաների մրցաշարին, ցույց տված լինի հարյուր տոկոսանոց արդյունք։ Դա խոսում է Նարեի մեծ ներուժի ու տաղանդի մասին։
«10 տարեկանների Հայաստանի առաջնությունում չեմպիոն դառնալու առումով իմ սանի հնարավորություններն ի սկզբանե բավական մեծ էին։ Հաշվի առեք, որ պատանիների համար սա տարվա կարևորագույն մրցաշարն է, որտեղ որոշվում է, թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։ Այդ հանգամանքը բնականաբար թողնում է իր ազդեցությունը պատանիների վրա, ովքեր հուզվում են, լարվում, նաև անակնկալ արդյունքներ գրանցում, հետևաբար շախմատում անչափ կարևոր է ունենալ ամուր նյարդեր, ֆիզիկապես լինել լավ պատրաստված։ Նարեն կարողանում է կառավարել իր հույզերը և մեծ պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր մրցախաղին»,- ասաց Նարեի մարզիչը։
Շնորհալի աղջկա բնավորության գծերից մեկը դրսևորվեց Հայաստանի առաջնության վերջին մրցափուլում, երբ չեմպիոն դառնալու համար բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը, սակայն նա չբավարարվեց ունեցած միավորների պաշարով և ցանկացավ անպայման հաղթանակով ավարտել իր մրցելույթները, ինչը, մարզչի բնորոշմամբ, խոսում է Նարեի կամային հատկանիշների ու նպատակասլացության մասին։ Մասնագետների պնդմամբ՝ հենց այդ հատկությունների շնորհիվ են մարզիկներն ավելի մեծ հաջողությունների հասնում իրենց կարիերայի ընթացքում։