Բաժիններ՝

«Արարատ-Արմենիայի» հերթական եվրոպական քննությունը. ինչ սպասել «Ցելյեի» դեմ խաղից

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի Առաջին ալիքով։

Հայկական ակումբը նախորդ երկու փուլերում տպավորիչ արդյունքներ է գրանցել սեփական հարկի տակ։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը նույն՝ 2:0 հաշվով հաղթել է իռլանդական «Շեմրոկ Ռովերսին» և լատվիական «Ռիգային»՝ յուրաքանչյուր անգամ կարևոր առավելություն ստեղծելով պատասխան խաղերից առաջ։ Միևնույն ժամանակ արտագնա հանդիպումներում երևանյան թիմը պարտություններ է կրել, ինչի պատճառով այս անգամ ևս առաջին խաղում դրական արդյունքը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Սակայն «Ցելյեն» նախորդ մրցակիցներից ավելի փորձառու և ուժեղ թիմ է։ Սլովենիայի չեմպիոնը երկրորդ փուլում միայն հետխաղյա 11-մետրանոցներով կարողացավ հաղթահարել ալբանական «Էգնատիայի» արգելքը. երկու հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ-ոքի։ Այդ դիմակայությունը ցույց տվեց, որ Վիտոր Կամպելոսի թիմը կարողանում է պայքարել մինչև վերջ, սակայն նաև խնդիրներ ունի պաշտպանությունում, ինչից «Արարատ-Արմենիան» կփորձի օգտվել։

Նախախաղային մամուլի ասուլիսում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսեց թիմի կադրային խնդիրների մասին՝ նշելով, որ վնասվածքները ստիպել են վերանայել պաշտպանական գծի դասավորությունը։

«Անդադար փնտրտուքների մեջ ենք՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք լրացնել վնասվածքների պատճառով առաջացած բացերը։ Ամենաշատը մտածում եմ եզրային պաշտպանների խնդրի լուծման մասին։ Բալանտայի և Համբարձումյանի վնասվածքներից հետո ստիպված էինք Օլիվեյրային օգտագործել որպես կիսապաշտպան։ Բուենոն կենտրոնում ավելի արդյունավետ է, բայց եզրում նույնպես վստահելի է։ Տեսնենք՝ ինչ որոշում կընդունենք, քանի որ ունենք մի քանի տարբերակ»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

Տուլիպան ընդգծել է, որ եվրագավաթային աշունն արդեն ապահոված լինելու հանգամանքը չի նվազեցնում թիմի հավակնությունները։

«Մեր առաջին նպատակը կատարել ենք, սակայն ցանկանում ենք ավելին։ Հարգում ենք մրցակցին, բայց դա չի խանգարում մեր նպատակներին։ Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երազանքի հետևից գնալիս։ Ամեն ինչ անելու ենք Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ մտնելու համար»,- հայտարարել է նա։

Մարզիչը նաև անդրադարձել է խիտ խաղացանկին և այն փաստին, որ իրեն սպասվում է յուրահատուկ դիմակայություն՝ պորտուգալացի գործընկեր Վիտոր Կամպելոսի դեմ։

«Պատրաստվելու ժամանակը շատ քիչ է, իսկ վնասվածքները իրավիճակն ավելի են բարդացնում։ «Ցելյեն» ուժեղ մրցակից է, բայց մենք ուսումնասիրել ենք նրանց թույլ կողմերը և կփորձենք օգտվել դրանցից։ Միևնույն ժամանակ առաջին երկու փուլերի հաջողություններից հետո պետք է համեստ մնանք, քանի որ հենց այդ հատկությունն է պահպանում թիմի ինքնությունը»,- նշել է Տուլիպան։

«Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելոսն էլ վստահեցրել է, որ իր թիմը դեռ զարգացման փուլում է, սակայն արդեն ցույց է տալիս իր իրական ներուժը։

«Մենք դեռ կատարելագործման ճանապարհին ենք, բայց կարող ենք գոհ լինել այն խաղից, որը ցուցադրեցինք վերջին հանդիպման երկրորդ կեսում։ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած ենք «Արարատ-Արմենիայի» վրա։ Այս թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց լավ ճանաչում եմ Պորտուգալիայում աշխատելու տարիներից։ Նրանք շատ կազմակերպված են, և նրանց պաշտպանությունը ճեղքելը հեշտ չի լինի, սակայն մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Սլովենիա վերադառնանք հաղթանակով»,- ասել է Կամպելոսը։

Հյուրերի եզրային հարձակվող Ռուդի Պոժեգ Վանցաշը ևս ընդգծել է հանդիպման կարևորությունը։

««Մարիբորի» դեմ խաղի երկրորդ կեսը հիանալի նախապատրաստություն էր այս հանդիպման համար։ Համոզված եմ, որ կարող ենք ամբողջ խաղի ընթացքում նույն մակարդակով հանդես գալ։ Թեև խաղացանկը խիտ է, ոչ ոք հոգնածություն չի զգա, քանի որ բոլորս գիտենք այս հանդիպման արժեքը։ Դաշտում կթողնենք մեր բոլոր ուժերը։ Մեզ սպասվում է որակյալ մրցակից»,- նշել է սլովենացի ֆուտբոլիստը։

Այսպիսով, «Արարատ-Արմենիային» սպասվում է մինչ այժմ ամենաբարդ եվրոպական փորձությունը։ Եթե նախորդ փուլերում հայկական ակումբը սեփական հարկի տակ կարողացավ երկու անգամ հաղթել 2:0 հաշվով, ապա այս անգամ նման արդյունքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ պատասխան խաղից առաջ։ Մյուս կողմից, «Ցելյեն» նույնպես լավ գիտակցում է, որ Երևանից դրական արդյունքով հեռանալը կարող է վճռորոշ քայլ լինել փլեյ-օֆֆի ուղեգրի ճանապարհին։

Ակնկալվում է լարված և տակտիկական պայքար, որտեղ յուրաքանչյուր դրվագ կարող է վճռել դիմակայության ելքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31