Տելեգրամից գնված թմրանյութը պետք է տեղադրեին Վանաձորի տարբեր հատվածներում…
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողներն ապրիլի 10-ին Տարոն-1 թաղամասի հարակից դաշտում հայտնաբերել, ձերբակալել և թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով բաժին են տարել Վանաձորի բնակիչ 23 և 24 տարեկան երկու երիտասարդի` վերջինիս «Օպելով» հանդերձ:
23-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար հինգ փաթեթ: 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անդորրագիր և ծխախոտի վնասված տուփ:
Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ երիտասարդները ծխախոտի տուփը տելեգրամյան մի կայքէջի միջոցով ձեռք են բերել նույն առավոտյան Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի մոտակայքից: Տուփի մեջ եղած ութ փաթեթ մարիխուանան՝ յուրաքանչյուրը կես գրամ քաշով, նրանք պետք է տեղադրեին Վանաձորի տարբեր հատվածներում, լուսանկարները և տեղակայումները փոխանցեին նույն կայքէջին` դրա դիմաց ստանալով վարձատրություն:
Ութ փաթեթից հինգը ուղևորի մոտ հայտնաբերվածն էր, ևս երեքը` արդեն տեղադրած էր, որոնց թաքստոցների տեղը 24-ամյա վարորդը խոստացավ ցույց տալ:
Երիտասարդները նշեցին, որ յոթ փաթեթ էլ նույն կերպ ձեռք են բերել առավոտյան ժամը 9-ին և դրանք արդեն տեղադրել են Վանաձորի ավտոկայանի հարակից տարածքում և Զորյան փողոցի սկզբնամասում:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդները` ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: