Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
Կոպենհագենում բռնկվել է քաղաքի ամենահին շենքերից մեկը՝ ֆոնդային բորսայի շենքը։ Պատճառները դեռ հայտնի չեն։
Հրդեհի հետևանքով փլուզվել է բորսայի աշտարակի նշանավոր՝ 56-մետրանոց սայրաձողը, որը պատրաստվել էր վիշապների միահյուսված պոչերի տեսքով։
Հրդեհը բռնկվել է տանիքից և տարածվել ամբողջ շենքում։ Փլուզվել է նաև տանիքի մի մասը:
Հրշեջները նշել են, որ հրդեհը բարդության բարձր մակարդակ ունի, այրվող կոնստրուկցիաների մի մասը վտանգավորության պատճառով անհասանելի է:
Ֆոնդային բորսայի՝ 17-րդ դարի շենքը գտնվում է Քրիստիանսբորգ պալատի մերձակայքում, որտեղ խորհրդարանը նիստ է գումարում, և շատ սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում:
Ներկայումս այնտեղ է գտնվում Դանիայի Առևտրի պալատը։
Associated Press-ը հաղորդում է, որ հրդեհը սկսվելուն պես մարդիկ սկսել են շենքից փրկել նկարները։ Այդ մարդկանց շարքում է եղել Առևտրի պալատի ղեկավար Բրայան Միքելսենը, որը հրդեհը որակել է ազգային աղետ։
1615 թվականին կառուցված Բորսայի շենքում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում։