Դատավորն անգործության համար շուրջ կես միլիոն լարի աշխատավարձ է ստացել. TI
Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն դատավորի գործառույթ չի իրականացնում, հայտնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ): Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ ՀԿ-ի՝ դատավորի 16 տարվա կարիերայի 4 տարին (2010-2013 թվականներ) անցել է առանց որևէ գործ քննելու, և այդ ընթացքում նա ստացել է 448 հազար 020 լարի աշխատավարձ։
TI-ն նաև մանրամասնել է, որ մնացած տարիներին Չինչալաձեն ամսական միջինում ընդամենը 2 գործ է քննել, մինչդեռ մյուս դատավորները մեկ տարվա ընթացքում հարյուրավոր գործեր են քննել: Օրինակ՝ 2022 թվականին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավորի քննած գործերի միջին թիվը կազմել է 273։
«Միխեիլ Չինչալաձեն դատական համակարգի, այսպես կոչված՝ դատավորների կլանի ղեկավարն է և կոռուպցիայի համար ԱՄՆ-ի կողմից պատժի ենթարկված դատավորը: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն, Միխեիլ Չինչալաձեն պետք է ենթարկվի անձեռնմխելիության ստուգման, որը պետք է իրականացվի դատական կարգով: Կլանն ու կառավարությունը ակտիվորեն ընդդիմանում են, բայց այդ ստուգումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի Վրաստանը կարողանա բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ»,- նշել է ՀԿ-ն:
Ի դեպ, 2023 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոռուպցիայի համար պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի երեք գործող դատավորների՝ Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և նախկին դատավոր Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, դատավորները չարաշահել են իրենց պաշտոնը։ Վրաց վերլուծաբաններն ԱՄՆ-ի այս որոշումը որակեցին «առաջին ծիծեռնակ»: Ավելին՝ այստեղ:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունն այս տարի դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու խնդրով։