ԱՄՆ-ը բողոքի նոտա է հղել Թբիլիսիին
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցում արդեն երրորդ անգամ մտահոգություն է հայտնել, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը կհարվածի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և երկիրը կհեռացնի եվրոպական ուղուց: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հարցին, թե օրինագիծը, որը դատապարտում են վրաց ժողովուրդն ու ողջ Արևմուտքը, և աջակցում է միայն Ռուսաստանը, ինչ ազդեցություն կունենա Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության վրա, Միլլերը պատասխանել է.
«Պետք է նշեմ, որ մենք առայժմ խորապես մտահոգված ենք, որ այս օրենքի նախագիծը վնասելու է Վրաստանի քաղաքացիների բարօրության համար աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և շեղելու է Վրաստանին եվրոպական ճանապարհից։ Մենք նաև մտահոգված ենք, որ այս օրենքի նախագիծը խոչընդոտներ է ստեղծելու անկախ լրատվամիջոցների համար, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիներին որակյալ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ, բայց քանի որ սա դեռ օրենքի նախագիծ է, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա և չեմ մանրամասնի դրա օրենք դառնալու հետևանքները»:
Ապրիլի 8-ին կայացած ճեպազրույցում Միլլերն ասել էր, որ օրինագիծը եթե հաստատվի, ապա այդ քայլը կհեռացնի Վրաստանին եվրոպական ճանապարհից։ Միաժամանակ նշել էր, որ դեռ չի խոսելու այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ը, եթե օրինագիծը հաստատվի։ Լրագրողի ճշտող հարցին՝ խոսքն օրինագիծը սատարող պատգամավորների նկատմամբ պատժամիջոց կիրառելո՞ւ մասին է, Միլլերն այսպես է պատասխանել. «Սա ազդանշան է, որ մեզ մտահոգում է օրինագիծը, իսկ թե ինչ կարող ենք անել, եթե գործընթացն առաջ գնա, սպասենք. այսօր ասելիք չունեմ»:
Ամերիկյան արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Էվելին Ֆարկասը չի բացառել, որ Վրաստանի խորհրդարանում «ռուսական օրենքի» ընդունման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել:
Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ կսկսի «ռուսական օրենքի» քննարկումը, որին բազմահազարանոց բողոքի ակցիաների պայմաններում երեկ հավանության է արժանացրել իրավական հարցերով հանձնաժողովը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կսկսվի ժամը 12-ին, իսկ երկրորդը` երեկոյան ժամը 19-ին։
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել:
Ակցիային զուգահեռ, օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովում շարունակվում էր «գործակալների օրենքի» քննարկումը, որը քաղհասարակությունը, ընդդիմությունը, նախագահն ու միջազգային գործընկերները կոչում են «ռուսական օրենք»: