Ընդդիմությունը պետք է մեխանիզմն ասի, թե ինչպե՞ս է փոխելու իշխանությունը, և այդ դեպքում հարցը կլուծվի․ Տիգրան Թորոսյան
Դժբախտաբար, Հայաստանում չի ձևավորվում որևէ քաղաքական ուժ, որը նոր իրավիճակում՝ այս վերջին տարիներին, ստանձնի առաքելություն՝ հասարակությանը կազմակերպելու, առաջնորդելու, խնդիրներ առաջադրելու, ծրագրեր ներկայացնելու, լուծումներ առաջարկելու։ Սա ամենամտահոգիչն է։ Ինչպես ասացվածքում է ասվում՝ փոխանակ խավարն անիծես, մի փոքրիկ մոմ վառիր, դա արդեն լույս և հույս է։ Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որն այդ մոմը կվառի։ Անընդհատ դժգոհություններ ու հայհոյանքներ են հնչում, բայց ամեն ինչ վաղուց բոլորին պարզ է, դա ցույց են տալիս ընտրությունների արդյունքները։ 2021-ի խորհրդարանական ընտրություններում այս իշխանությունները ստացան ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26 տոկոսի ձայները, սա շատ ցածր ցուցանիշ է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:
«2021-ին մարդկանց ճնշող մեծամասնությունը, չտեսնելով, թե ում հետ կարող է գնալ հետագա ճանապարհը, նախընտրեց չմասնակցել ընտրություններին։ Ավելի վատ պատկեր ստացվեց Երևանի ընտրություններում՝ ընդամենը 9 տոկոսը եկավ և քվեարկեց այդ ընտրություններում հաղթողի օգտին։ Սա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք այստեղ։
Մնացած ամեն ինչ, այսինքն՝ ինչպիսին է իրավիճակը, բավական վաղուց հայտնի է։ Ժամանակին մի խորհրդային անեկդոտ կար, երբ մեկը պատերին դատարկ թղթեր է կպցնում, և երբ ոստիկանները հարցնում են, թե ինչո՞ւ է դատարկ թռուցիկներ կպցնում, ասում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն։ Հիմա պետք է գնալ ճիշտ ճանապարհով՝ սա՛ է կարևորը։ Պետք է ձևավորվի տանող քաղաքական ուժը, և այդ դեպքում բոլոր հարցերն արագորեն կլուծվեն»,- ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:
«Անգամ մինչև կառավարության կազմ ներկայացնելը՝ ընդդիմությունը պիտի մեխանիզմն ասի, թե ինչպե՞ս է փոխելու իրավիճակը։ Ուղղակի ասել, թե՝ կարող եմ, եկե՛ք, բազմիցս ասվել է, մարդիկ էլ եկել են։
Պետք չէ ժողովրդին ոչնչում մեղադրել։ Ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, և նրանց միավորողը պետք է լինի քաղաքական ուժը, որը ճանապարհ և քայլեր է ցույց տալիս, ժողովրդին համոզում է գնալ իր ճանապարհով։ Սա, ցավոք սրտի, չկա։
Տարբեր տեսակի պատրվակներ են բերվում՝ աշխարհաքաղաքական և այլն։ Որևէ մեկն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ ուժերից մեկի հետ խոսե՞լ է, ասե՞լ են, որ կոնսենսուս չկա։ Այդ կոնսենսուսը չի էլ կարող լինել, և այդ խնդիրն իրենց համար այնպիսի նշանակություն չունի, ինչպիսին, ասենք, ուկրաինականն է։ Հայաստանի խնդիրը բոլորովին այլ է»,- նշեց Թորոսյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ մարդիկ պիտի հասկանան, որ 1980-ականների վերջից և 90-ականների սկզբից ավելի քան 30 տարի է անցել, այս ընթացքում շատ բան է փոխվել, և այսօր պահանջվում են գիտելիքներ.
«Այն ժամանակ գիտելիքների բացակայությունը հայտնի և հասկանալի էր, բայց որքան էլ զարմանալի թվա՝ այն ժամանակ ավելի ճիշտ քայլեր էին արվում, քան այսօր։ Այսօր դիրքորոշումների տեսակետից թերևս միակ ընկալելին այն է, ինչը ոսկեպարցիներն են հստակորեն ասում։ Քաղաքական ուժերը չունեն այդ ամենը, միայն տարբեր որակավորումներով նշում են, որ ամեն ինչ վատ է, դրանց մի զգալի մասն էլ ճիշտ է, բայց հետո՞ ինչ։ Քաղաքական ծրագիր կարող են առաջարկել նրանք, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ և կառույցներ, որոնք գործում են»:
«Պետք են կուսակցություններ՝ ոչ թե հայտարարություններով, անուններով կամ մի խումբ՝ ամենակարևոր մարմնի անդամներով, այլ շարքային անդամներով։ Կուսակցությունը պետք է աշխատի, գործի, տարածքային կազմակերպությունների հետ աշխատանք տարվի, խնդիրներ և լուծումներ քննարկվեն, ոչ թե չորս-հինգ տարին մեկ գնան ու ասեն՝ մի քանի ամսից ընտրություններ են, եկեք կազմակերպվենք։ Այդպես այլևս չի լինի, մարդիկ պիտի դա գիտակցեն։ Բայց շատերը գիտելիք չունեն, իրենք չեն ընկալում, թե ինչ բան է կուսակցությունը»,- ամփոփեց Տիգրան Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում