Մեզ չի՛ հաջողվել արձանագրել խախտումների փաստը. Հայրապետյան

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները մեր երկրում եթերազրկվել են, որովհետև ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնել կոնսենսուսի հայ–ռուսական համաձայնագրի դրույթների խախտումների վերաբերյալ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու են մեր երկրում արգելվել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։

«Սա ամենևին չի նշանակում, որ մենք բանակցություններում փակուղու մեջ ենք։ Եթե ոչ այս, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,- ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված, քանի որ նպատակը ոչ թե իրավիճակի սրումն է, այլ առողջ բանավեճի արդյունքում աշխատող փաստաթուղթ ստանալը։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում պետք է հստակ ամրագրված լինեն այն դրույթները, որոնց խախտմանը կհետևեն համապատասխան պատժամիջոցներ։

Հայրապետյանը շեշտեց, որ հայկական կողմը հավատով է մոտենում բանակցությունների հաջողությանը, հակառակ դեպքում չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակ դիտարկել։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930