Գալանտ․ ՀԱՄԱՍ-ը դադարել է գործել որպես ռազմական կազմակերպություն ողջ Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը «դադարել է գործել որպես ռազմական կազմակերպություն Գազայի հատվածի ողջ տարածքում», գրում է Times of Israel-ը։
Իսրայելի բանակի հարավային հրամանատարության անցկացրած գնահատումից հետո նա հայտարարել է, որ «98-րդ դիվիզիայի և նրա ստորաբաժանումների ձեռքբերումները չափազանց տպավորիչ են. նրանք հարվածում են ահաբեկիչներին, ոչնչացնում թշնամու օբյեկտները, պահեստները, զենքերը, ստորգետնյա թունելները, շտաբները, կապի սենյակները»:
«Այս բոլոր գործողություններն իրականացվել են շատ տպավորիչ ձևով, և այդպիսով ՀԱՄԱՍ-ը դադարել է գործել որպես ռազմական կազմակերպություն ողջ Գազայի հատվածում», – ասել է Գալանտը:
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս պատրաստվում է կռվել «ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների դեմ Գազայի հարավում գտնվող Ռաֆահում»։
Իսրայելի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի սկզբնական 24 գումարտակներից 18-ը լուծարվել են, ինչը նշանակում է, որ դրանք չեն գործում որպես կազմակերպված ռազմական ստորաբաժանումներ, թեև ավելի փոքր բջիջներ դեռ գոյություն ունեն:
Գազայի հարավում գտնվող Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ գրեթե անվնաս է, ևս երկուսը գտնվում են Գազայի կենտրոնական մասում, գրում է իսրայելական լրատվամիջոցը։