Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, ըստ Forbes-ի վարկածի, դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար. մեկ տարի առաջ այն կազմում էր 211 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում մնում է ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 180 միլիարդից հասել է 195 միլիարդի:
Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը կրկին զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը։ Amazon-ի հիմնադրի կարողությունը 194 միլիարդ դոլար է․ մեկ տարի առաջ նրա կարողությունը գնահատվում էր 114 միլիարդ դոլար:
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 64,4 միլիարդ դոլարից միանգամից հասել է 177 միլիարդ դոլարի, 16-րդից բարձրացել է չորրորդ դիրք:
Հինգերորդ տեղում Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնն է, որի կարողությունը 107 միլիարդ դոլարից հասել է 141 միլիարդի:
Մոլորակի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի հաշվարկների, կազմում է 14,2 տրիլիոն դոլար, ինչը 2 տրիլիոնով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից և 1,1 տրիլիոնով ավելի, քան 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդը։ Դրա հետ մեկտեղ, աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է նոր ռեկորդի՝ 2781-ի՝ մեկ տարի առաջվա 2640-ի համեմատ, ինչը 26-ով ավելի է 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդից։
Միլիարդատերերի թվով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այնտեղ կա 813 միլիարդատեր՝ 5,7 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը, որտեղ կա 473 միլիարդատեր՝ 1,7 տրիլիոն դոլար կարողությամբ։ Երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 200 միլիարդատերերով։