Երբ պետությունը նման սխալ ուղով է գնում, կախված է նրանից, թե դրա գլխին ով է… Քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, մտավորականը չի կարող լռել. Տիգրան Հեքեքյան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ Հայաստանում մշակույթին «մեծ ուշադրություն» է դարձվում՝ հատկապես թիրախավորելով որոշ կառույցներ։

 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տիգրան Հեքեքյանն անդրադառնալով Հայաստանում մեկը մյուսի հետևից փակվող մշակույթի օջախների փաստին և ընդհանրապես իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պատկերավոր ներկայացրեց իր տեսակետը երևույթի վերաբերյալ.

«Կարծում եմ՝ ինչպես մարդու կյանքը խլելը, այնպես էլ ստեղծագործական միավոր, ավելի շուտ՝ մշակութային օջախ փակելն առնվազն մեղք է։ Բացառությամբ մեկ դեպքի, որ իրապես պետք է հիմնավորվի, որ այդ օջախը մշակութային որևէ արժեք չի ստեղծում։ Եթե արժեք ստեղծում է, բայց քիչ, ապա ի՞նչն է պատճառը, որ չենք օգնում։ Իսկ եթե նրա ստեղծածն արժեք չէ, ապա այդ թատրոնը, համույթը, նվագախումբը, երգչախումբն անիմաստ գործ է, հատկապես, եթե գործում է պետության հաշվին»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Խմբավարի բնորոշմամբ՝ անթույլատրելի է մշակութային օջախի փակումը, հատկապես քաղաքական պատճառներով, քանի որ երկար տարիներ թատրոնը կար, ու հանկարծ որոշում են, որ թատրոնը կամ այդ համույթն այլևս պետք չէ, քանի որ ինչ-որ ժամանակ դրանց գեղարվեստական ղեկավարն իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել։

Կարդացեք նաև

«Այնքան տխուր է, երբ քաղաքական պաշտոնյաները, գուցե որոշ անհատներ չեն տարբերում քաղաքական հայացքները, քաղաքականացված մարդուն՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցողից, սա գուցե անձնական ես-ի փոքրությունից է։ Փոքրոգի մարդիկ են միայն խանդով վերաբերվում նույնիսկ իրենց հակառակորդին, իսկ մեծահոգի մարդն ասում է՝ եթե բան ունի ասելու, թող ասի, ես էլ կհակադրվեմ, կբացատրեմ, հանրությունն էլ կլսի ու կտեսնի, թե ով է ճիշտ։ Բայց քաղաքացիական դիրքորոշում ունեցողին փորձում են քաղաքականացնել։ Կան մարդիկ, որոնք խոսում են, քանի որ կատարում են ինչ-որ պատվեր, չկային-չկային, մեկ էլ սկսում են խոսել, կա մարդ, որ իրենից անկախ չի կարող իր ձայնը չբարձրացնել։

Օրինակ, ծնողն իր երեխային չի կարող չասել՝ բալիկ ջան, ճիշտ չես անում, եթե անես՝ այսպես կլինի, գոնե տեղյակ է պահում, զգուշացնում է, ինչ-որ միջոցներ է ձեռնարկում, որովհետև հասկանում է, որ երեխան այդպես կործանվելու է։ Հիմա, երբ պետությունը նման սխալ ուղով է գնում, կախված է նրանից, թե դրա գլխին ով է, երբ տեսնում ես, որ միտքը, գլուխը սխալ ճանապարհով է գնում՝ պիտի բարձրաձայնես։ Ինչպե՞ս է պատահում, որ մարդ հանցագործությունը տեսնում է ու դրա մասին չի բարձրաձայնում, դառնում է դրա հանցակիցը, ավելին, ասում են՝ հանցագործություն կատարողը գուցե աֆեկտի տակ է եղել, չի հասկացել, իսկ դու սառը ուղեղով ես եղել, պետք է ձեռքը բռնեիր։ Հիմա նույն բանն է, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, մտավորականն իրականում չի կարող լռել»,- շեշտեց Տիգրան Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանը նաև հիշեցրեց՝ երբ Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ, եղան արվեստագետներ, որոնք ոգևորված այնպիսի բառեր ասացին, որոնց մասին հետագայում պարբերաբար հիշեցնում էին նրանց:

«Արվեստի մարդը ոգևորվող մարդ է, հուզական է։ Հակառակը՝ արվեստագետի խոսքն ավելի բարոյական կողմին պետք է ուղղված լինի, այլ ոչ թե քաղաքական իրավիճակների վերլուծության, դրա համար կան քաղաքագետներ»,- ընդգծեց Տ. Հեքեքյանը։

Խոսելով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և այսօր իրենց առջև ծառացած խնդիրների մասին, Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երգչախումբը ստեղծվել է դժվարին ժամանակաշրջանում՝ 1992 թվականից, հաղթահարել դժվարություններ և այսօր կրկին կանգնել է դժվարությունների առջև։

«Երևանն ինչ քաղաքապետ էլ ունեցել է, ինչ կուսակցության էլ որ նա պատկանել է, որևէ մեկի մտքով չի անցել կասկածի տակ դնել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ ես իմ խոսքն ասել եմ, երբեմն քաղաքապետերն ինձանից նեղանում էին, բայց միևնույն է՝ հասկանում էին, որ երգչախումբն արժեք է։ Գիտե՞ք ինչ կարևոր է, երբ գիտես, որ դա արժեք է, նախ՝ այն բարձրագույն արժեք է, ճանաչված աշխարհում, երկրորդն էլ՝ երգչախմբում երեխաներ են, մարդու ձեռքը չի գնա նման կառույցի դիպչել։ Բայց արի ու տես, որ հասել ենք մի վիճակի, որ մեզ համար այսօր ավելի դժվար է, անտանելի է։ Հիմա թիրախավորած ամեն ինչ սկսեցին մեր շենքից, ընդունենք, թե սա պատահականություն էր, բայց չէր կարող պատահականություն լինել, երբ հարցը ձգվում է ամիսներ ու տարիներ։ Բոլոր դռները թակել ենք, նամակներով դրել ենք, բայց քար անտարբերություն»,- նշեց դիրիժորը։

Նա ցավով արձանագրեց, որ այսօր այնպիսի ժամանակներ են, երբ փող ունեցողները դարձել են հասարակության բարձր խավը, իսկ արվեստի մարդը, մտավորականը, մանկավարժը վաղուց արժեք չունի, իսկ այն հասարակությունը, որտեղ այդ անձանց հանդեպ չկա հարգանք՝ չի կարող գոյատևել։ Ապա զուգահեռներ անցկացնելով մանկավարժի և, ասենք, պատգամավորի կամ որևէ պաշտոնյայի ստացած աշխատավարձերի միջև, Տիգրան Հեքեքյանը եզրակացրեց՝ դա է պատճառը, որ այսօր տարբեր պաշտոնյաներ, վարչության պետեր և այլ պաշտոնյաներ միջակ մակարդակի են, իսկ միջակ մակարդակի ղեկավար ունենալն անեծք է։

«Մենք քաղաքապետեր ենք ունեցել, որոնք իրենց ամբողջ գործունեության տարիներին կամերային նվագախումբ են ստեղծել՝ Սյունիքում, այդքան գիտակցություն են ունեցել։

Ես հույս չունեմ, որ կսթափվեն, որովհետև սա հիվանդություն է, երբ գիշատիչն արյուն է տեսնում ու անընդհատ ուզում է։ Եթե նախորդ տարի կրճատեցին մեր երգչախմբի գլխավոր խմբավարներին, մասնագետներին՝ 14 հաստիք, այս տարի մեր 4 պահակներին են կրճատել՝ ասելով, թե՝ նրանք ձեր ինչի՞ն են պետք։

Ժողովրդական բոլոր համույթները միավորեցին, բայց այդ մարդիկ տեղ չունեն փորձերի, պետական խումբը խցկվել է մեկի ատելիեում, մեկի տանը, ու փորձ են անում, ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման վերաբերմունքը պետական համույթների նկատմամբ»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հանդեպ հանրության անհասկանալի լռությանը: Ո՞րն է պատճառը, որտեղի՞ց է գալիս սխալը: Տիգրան Հեքեքյանը չուներ այդ հարցի պատասխանը։

«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն… 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք։

1988 թվականին մեր գլխին երկրաշարժ սարքեցին, բայց ժողովուրդը շարունակեց իր պայքարը, հատկապես այն 7 օրը, երբ հավաքվել ու որոշում էինք կայացնում, դա մեր կյանքի գեղեցիկ տարիներն էին։ Նման մի բան տեղի ունեցել է Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտի ժամանակ։

Հիմա երևի հոգեբանները պետք է բացատրեն՝ մասսայական այսպիսի մի աղետ է, ընկճախտ է, անտարբերություն է, մարդիկ անտարբեր են։ Երբ փողոց դուրս չեն գալիս, ոչինչ, բայց որ ուրախանում են՝ չեմ կարողանում հասկանալ։

Մի քանի անգամ ասել եմ՝ մենք փոխանակ հզորանանք, կոսմետիկ վերանորոգումներ ենք անում՝ ներկում ենք ԱԺ ճաղերը, փոխում ենք բարվոք վիճակում մայթեզրերի քարերը։ Դրոշից են դժգոհում, որ անարգված է, բայց մի հատ տեսեք մեր սահմանին դրված դրոշի վիճակը, սահմանին կանգնած մեր զինվորի վիճակը ու դիմացը կանգնած ադրբեջանցի զինվորը։

Պետությունն իր զինվորի թիկունքին պետք է կանգնած լինի, որովհետև զինվորը կանգնած է սահմանին, եթե թիկունքը չեղավ, զինվորը խեղճանում է։ Որպեսզի բանակը հզոր լինի, պետք է դու հզոր դիվանագիտություն ունենաս, իսկ մենք վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ:

Ժողովուրդն արդեն հիվանդ է, նրանք գլուխ կտրելուց արդեն հաճույք են ստանում»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս