Երդումների սարսափից

Ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող շարժման համար հանգուցային օրերից մեկն է:

Այդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ձեռքը դնի Ավետարանի վրա և արտասանի Սահմանադրությամբ ամրագրված նախագահի երդման տեքստը:
Իսկ ի՞նչ պետք է նույն օրը անի Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ինքն իրեն հաղթող նախագահ է հռչակել: Գուցե նա էլ երդվի, կամ գուցե առանց երդման գնա և վերցնի նախագահական նստավայրը՝ օգտվելով այն պատեհ առիթից, որ այդ նույն ժամանակ բոլորը զբաղված կլինեն Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ, և կորցրած կլինեն աչալրջությունը: Տարբերակները մի քանիսն են, և «Ժառանգությունում» այս հարցում միարժեք մոտեցում չկա: Չնայած կան որոշ առաջարկություններ, իսկ վերջնական որոշման իրավունքը Րաֆֆի Հովհաննիսյանին է:
Ամենաարմատական առաջարկներից մեկն այն է, որ այն նույն ժամանակ, երբ Սարգսյանը երդվում է Մարզահամերգային համալիրում, Րաֆֆի Հովհաննիսյանն՝ իր կողմնակիցների հետ, երթով պետք է շարժվի դեպի նախագահական նստավայր: Նման առաջարկ անողների տրամաբանությունն այն է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ապրիլի 9-ին ավարտվում են Սերժ Սարգսյանի լիազորությունները, և սկսվում է իր լիազորությունների ժամկետը՝ որպես նորընտիր նախագահ, ապա տրամաբանական կլինի, եթե նա գնա և զբաղեցնի իր նստավայրը: Բայց այս առաջարկը «Ժառանգությունում» ոչ միայն արմատական, այլև պրովոկացիոն են համարում՝ մտածելով, որ այդ դեպքում կարող է լինել ընդհարում ոստիկանական ուժերի հետ, և «ամենախաղաղ և ամենաժողովրդավարական» շարժումը կարող է դադարել այդպիսին լինելուց: Իսկ շարժման իմիջն, ինչպես հայտնի է, ավելի կարևոր է, քան նույնիսկ նպատակը: Այնպես որ, ցանկացած լուծում, որը կարող է հանգեցնել ընդհարման, պետք է բացառել:
Ամենախաղաղ լուծումը կարող է լինել այն, որ այն նույն պահին, երբ երդվում է Սերժ Սարգսյանը, երդվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգությունում» պատրաստվում են զուգահեռ երդմնակալությանը, և այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպում, որի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաև իրենց ստորագրությամբ պարտավորվում են մասնակցելու ապրիլի 9-ի Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը: Արարողության վայրը և ժամը ստորագրման համար ներկայացված փաստաթղթում նշված չէ: Դրա համար կան հիմնավոր պատճառներ:
«Ժառանգության» առաջնորդի շրջապատի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ տեղի ընտրությունը պետք է կատարել միայն վերջին պահին` կախված Ազատության հրապարակում հավաքվածների քանակից: Իսկ թե որքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում ապրիլի 9-ին, որևէ մեկը չի կարող գուշակել:
Եթե Ազատության հրապարակում բավականաչափ մարդ հավաքվի, ապա կարելի է երթով գնալ Հանրապետության հրապարակ և երդման արարողությունը կազմակերպել այնտեղ: Հանրապետության հրապարակն ընտրվել է երդման արարողությանը պաշտոնականություն հաղորդելու համար: Ափսոս, տրիբունան ապամոնտաժվեց, թե չէ՝ այն ուղղակի իդեալական վայր էր երդմնակալության իրականացման համար: Երդվողը պետք է կանգնած լինի հավաքվածների համար տեսանելի վայրում:
Բայց եթե Ազատության հրապարակում լինի այնքան մարդ, որքան սովորաբար լինում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ, կամ նույնիսկ սովորականից մի փոքր ավելի, ապա Հանրապետության հրապարակ գնալը կիմաստազրկվի, քանի որ Հանրապետության հրապարակը մի քանի անգամ մեծ է Ազատության հրապարակից, և այդ մեծ տարածության մեջ Հովհաննիսյանի կողմնակիցները կտարրալուծվեն: Կստացվի, որ Հանրապետության հրապարակի մի անկյունում ինչ-որ մարդկանց խումբ հավաքվել ու ինչ-որ բան էր անում: Մինչդեռ Ազատության հրապարակում նույն քանակությամբ կարելի է բավական տպավորիչ միջոցառում կազմակերպել և ասել, որ ներկա էր 30 կամ 50 հազար մարդ:
Այստեղ կա մի ավելի կարևոր հարց. ի՞նչ տեքստ պետք է արտասանի Րաֆֆի Հովհաննիսյանը, ի՞նչ երդում պետք է տա նա: Ինչպես նշեցինք՝ ՀՀ նորընտիր նախագահի կողմից արտասանվող երդման տեքստը շատ հստակ է. այն շարադրված է Սահմանադրության մեջ:
Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ևս պետք է արտասանի այդ տեքստը: Նրա շրջապատում մեծ է մտահոգությունը, որ, եթե Հովհաննիսյանը նման փորձ անի, ապա դա կարող է լուրջ իրավական հետևանքներ առաջացնել: Իսկ իրավական հետևանքը կարող է լինել այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կարող են մեղադրել պետական իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ: Իսկ սա քրեական մեղադրանք է՝ բավական լուրջ հետևանքներով:
Այլ բան է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ընտրություններում հաղթել է ժողովուրդը՝ իրեն նույնացնելով ժողովրդի հետ, ասում է, որ ինքն է հաղթել, բայց բոլորովին այլ իրավիճակ է, երբ նա բազմության առաջ արտասանում է Սահմանադրությամբ ընտրված նախագահի համար նախատեսված երդման տեքստը: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է բոլորովին այլ երդման տեքստ կարդալ, որի անունը կարող է լինել, օրինակ, «Նոր Հայաստանի նախագահի երդման տեքստ»: Այդ դեպքում կլինի երկու նախագահ. գործող Հայաստանի նախագահ, և Նոր Հայաստանի:
Դե ինչ, հայերս սիրում ենք ամեն ինչից երկուական օրինակով ունենալ` երկու Հայաստան` Արևելյան և Արևմտյան, երկու ուղղագրություն, երկու կաթողիկոս, հիմա էլ կարող ենք երկու նախագահ ունենալ: Սկզբում մի քիչ դժվար կլինի, ստիպված կլինենք գրել՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյան, կամ՝ Նոր Հայաստանի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, բայց ժամանակի ընթացքում դրան էլ կսովորենք:

Տեսանյութեր

Լրահոս