Փաշինյան-Պուտին «հեռագրային դիվանագիտություն»-ը խորանում է․ ՀՀ իշխանություններն իրենց դիրքավորել են՝ որպես արևմտյան համայնք

Նախօրեին ռուսաստանյան Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը, որի պաշտոնական զոհերի թիվը հրապարակումը պատրաստելու պաին հասել է 133-ի, ցնցել է ողջ աշխարհը։

Ռուսաստան-Արևմուտք պատերազմի ֆոնին մարդաշատ այս կենտրոնում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչական ակտը չի կարող չունենալ աշխարհաքաղաքական լուրջ իմաստ։ Ուստի Ռուսաստանի իշխանությունները,  ահաբեկչության առաջին կադրերն ի հայտ գալուց անմիջապես հետո, սկսեցին ստանալ ցավակցական խոսքեր՝ ինչպես Արևելքից, այնպես էլ՝ արևմտյան համայնքից։ Արևմուտքից, Ուկրաինայից առաջին արձագանքները շատ սպասեցնել չտվեցին, ահաբեկչությունից կարճ ժամանակ անց հայտարարություն տարածեց Սպիտակ տունը՝ հավաստիացնելով, որ այս պահին որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են եղել զինված հարձակման մեջ։

Այնուհետև նույն արևմտյան աղբյուրները տարածեցին տեղեկատվություն, թե ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» կամ ԻՊ-ի մաս աֆղանական «Վիլայաթ խորասանը»։

Ի տարբերություն Արևմուտքի՝ ռուսական ուժային կառույցների տվյալների համաձայն, ահաբեկիչները փախուստի էին դիմում դեպի Ռուսաստան-Ուկրաինա սահման՝ Ուկրաինայում թաքնվելու նպատակով, դրանով իսկ փորձելով ցույց տալ ահաբեկիչների անուղղակի կապը Կիևի հետ։

Կարդացեք նաև

Հետաքննությունը, մեղավորների, ահաբեկչության հովանավորների և պատվիրատուների հստակեցումը կարող է էապես անդրադառնալ Ուկրաինայի տարածքում ծավալվող ՌԴ-Արևմուտք պատերազմի վրա՝ փոխելով ՌԴ ռազմավարությունը և առաջնահերթությունները մարտի դաշտում։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ ըստ էության առաջին անգամ նախօրեին ՌԴ իշխանությունները պատերազմն Ուկրաինայում անվանեցին պատերազմ և ոչ՝ հատուկ ռազմական գործողություն։

«Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, դա սկսվեց՝ որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը մասնակից դարձավ դրան Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։ Ես դրանում համոզված եմ։ Եվ յուրաքանչյուրը պետք է դա հասկանա իր ներքին մոբիլիզացիայի համար»,- նախօրեին նշել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ըստ էության սրանով ազդարարելով այս պատերազմում Ռուսաստանի համար նոր էջի մեկնարկ։ Թե ինչպիսին կլինի այն, բարդ է ասել, սակայն մի քանի տարի Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները միայն Պուտինի վերընտրությունից հետո նախօրեին պատերազմ անվանելը մի շարք հեղինակավոր փորձագետներ ամենևին էլ պատահական չեն համարում։

Վերադառնալով ահաբեկչությունից հետո ստեղծված իրավիճակին, նշենք, որ ըստ ՌԴ պաշտոնական Կրեմլինի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստանում են ցավակցական հեռախոսազանգեր, ինչպես նաև հեռագրեր։ Ինչպես կարելի էր սպասել, ՌԴ զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։

Ռուսական կողմը նաև հեռագրեր է ստացել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից։

Չափազանց «զուսպ» ցավակցական ուղերձ էր հղել նաև ՀՀ ԱԳ նախարարությունը։ Փաշինյանը Պուտինին հեռախոսազանգով չշնորհավորեց նաև վերընտրությունից հետո։

Ընդհանրապես պաշտոնական հաղորդագրություններին հետևող վերլուծաբանները կփաստեն, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո ՌԴ նախագահ Պուտինի հետ «հեռագրային դիվանագիտություն» է վարում։

Այն ժամանակ, երբ ՌԴ գործընկեր երկրների ղեկավարները զանգահարում են Պուտինին, ըստ այս հարաբերություններում չգրված կանոնների, Փաշինյանը նախընտրում է հեռավար շփում՝ հեռագրեր և ուղերձներ, հնարավորինս խուսափելով հեռախոսազանգերից։ Թերևս 44-օրյա պատերազմական փուլը եղել է Փաշինյանի պաշտոնավարման այն միակ փուլը, երբ նա ստիպված հեռազանգեր է կատարել Մոսկվա։ Ուստի, երբ ՀՀ իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ են նշում 44-օրյա պատերազմը, պետք է նշել, որ նույնիսկ հայ-ռուսական շփումների որակը Փաշինյանի իշխանավարման հենց սկզբից փոխվեց և ոչ պատերազմից հետո։

Իսկ ներկայիս փուլում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն իրենց լիովին դիրքավորել են՝ որպես արևմտյան համայնք, և չեն զանգահարում Մոսկվա ոչ ԱԳ նախարարի, ոչ Փաշինյանի մակարդակով։

Լավրով-Միրզոյան վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթներ առաջ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես բարձր մակարդակով շփումները չափազանց կարևոր բաղադրիչ են՝ գնահատելու երկկողմ հարաբերությունները։

Ըստ նրա, Պուտինի և նրա գործընկերների միջև չափազանց կարևորվում են հեռախոսազանգերը Մոսկվա։

Նրա խոսքով, ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ սովորաբար զանգահարողը ռուսական կողմը չէ, ինչը բնութագրում է հարաբերությունների բնույթը։

«Դա ցույց է տալիս, թե ՌԴ-ն ինչ դիրքերից է դիտարկում իր ու գործընկերների հարաբերությունները։ Եթե ՀՀ-ն կողմնորոշվում է դեպի Արևմուտք, կարծում եմ, պետք է որ լիովին դուրս գա այդ տրամաբանությունից։ Ըստ էության, բնականոն հարաբերություններ չկան, դրանով պայմանավորված՝ նաև հեռախոսազանգեր չկան։ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ցույց են տալիս, որ բոլոր հարցերում համերաշխ են Արևմուտքի հետ, իսկ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցությունը ժամանակավոր բնույթ է կրում, ՀԱՊԿ-ի դեպքում՝ նույնիսկ արհեստական։

Իսկ Արևմուտքը նման կարևոր փուլում, կարծում եմ, չափազանց ուշադիր է այս հարցերում, և Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու այս ընթացքում բոլոր քայլերին հետևում են ուշի ուշով»,- ասաց նա։

Վերջինիս տպավորությամբ, ՀՀ-ն իրեն դիրքավորել է՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։

«Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հետաքրքրականն այն է, որ ՀՀ-Արևմուտք հարաբերությունները նման բնույթ ստացան այն դեպքում, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է ու ունի իր տարածքում ռուսական բազա։ Իհարկե, սա աշխարհաքաղաքական սուր մրցակցության հետևանք է»,- նկատեց նա։

Փորձագիտական մի շարք այլ կարծիքների համաձայն, ստանձնելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա կադրերն ի սկզբանե ուղիղ դիմակայություն չսկսեցին ՌԴ իշխանությունների հետ, սակայն արևմտյան կողմնորոշումը նրանց ծրագրերի առանցքում էր ի սկզբանե։ Դա է նաև պատճառը, որ Փաշինյան-Պուտին շփումն ի սկզբանե չստացվեց, որն էլ իր հերթին՝ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է ներկայիս աղետալի իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս