Ճապոնիայի ափերի մոտ հարավկորեական լցանավ է շրջվել
Ճապոնիայի Յամագուտիի պրեֆեկտուրայի ափերի մոտ հարավկորեական քիմիական լցանավ է շրջվել։ Փրկարարները որոնում են անձնակազմի 5 անհետ կորած անդամների։ Այդ մասին հայտնում է The Japan Times-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ մարտի 20-ի առավոտյան Սիմոնոսեկի քաղաքի ափերի մոտ խարիսխ ձգած նավից հաղորդագրություն է ստացվել, որ այն թեքվել է։ Որոշ ժամանակ անց լցանավը շրջվել է։
Անձնակազմի 6 անդամների հաջողվել է փրկել, ևս 5-ի որոնումները շարունակվում են։ Նավաստիները Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի քաղաքացիներ են։
Լցանավը տեղափոխում էր 980 տոննա ակրիլաթթու։
Վաղ առավոտյան օդերևութաբանական ծառայությունը հայտնել էր ուժգին քամու և բարձր ալիքների մասին։