ԵՄ-ում օրինագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից շահույթը հուլիսին Ուկրաինային փոխանցելու մասին
Եվրամիությունը պատրաստել է օրենքի նախագիծ, ըստ որի Ուկրաինան կկարողանա սկսել ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից շահույթ ստանալ արդեն հուլիսին: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Օրինագծով նախատեսված է հարկ սահմանել ռուսական միջոցներից ստացված շահույթի նկատմամբ «նպատակ ունենալով տարեկան մոտավորապես 3 միլիարդ եվրո օգտագործել Ուկրաինային զենքի մատակարարումը ֆինանսավորելու և նրա պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար»:
Գործակալությունը նշում է, որ օրինագծի համաձայն՝ փետրվարի 15-ից ստացված եկամուտների մասնաբաժինը տարեկան երկու անգամ կփոխանցվի ԵՄ՝ մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը։
Սկզբում միջոցները կհատկացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամին, որը վճարում է Կիևին զենք մատակարարելու համար, և Ուկրաինայի աջակցության հիմնադրամին։
Bloomberg-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «G7-ի դաշնակիցներին դրդում է անհապաղ արգելանքի տակ դնել սառեցված ակտիվները և ցանկանում է առաջընթաց տեսնել մինչև ղեկավարների հունիսյան գագաթնաժողովը»։
Սակայն մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկը, «պատրաստակամություն չեն ցուցաբերում», գրում է գործակալությունը։