Ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք, հույս ունեմ` լոբի էլ կստանանք. Փաշինյան

ՀՀ–ում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կառավարությունը գյուղացուն կտրամադրի 70 000 դրամ, եգիպտացորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հա համար՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հա համար՝ 110 000 դրամ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով բուսաբուծության աջակցության ծրագիրը, նշեց, որ գարնանացանից երկու ամիս առաջ գյուղացին դիմում է իր համայնքին, որը մոնիթորինգ է անում գյուղացու դիմումը, որից հետո համայնքը նրա փաստաթղթերը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարի խոսքով` գյուղացին գումարը կստանա անկանխիկ եղանակով` բանկային քարտի վրա, բերքահավաքից առաջ` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

«Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։

Պապոյանը նշեց, որ ընթացակարգով՝ ցանքսը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե իրենց ուզած, նախընտրած տարբերակներով։

«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք, սակայն հույս ունեմ, որ լոբի էլ կստանանք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ այս նախագծի հետ կապված մտահոգություններ շատ ունի, սակայն ի հեճուկս դրանց` այս որոշումը պետք է կայացվի։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանն էլ առաջարկեց, հաշվի առնելով ջրի խնդիրը և Սևանա լճից հավելյալ ջրառից խուսափելու համար, Արարատի և Արմավիրի մարզերում պետությունը չսուբսիդավորի հացահատիկային մշակաբույսերի աճեցումը, որպեսզի այստեղ ավելի բարձրակարգ մշակաբույսերի մշակումը խթանվի, ոչ թե ցորեն ու գարի։

Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները հակադրվեցին` ասելով, որ նման կտրուկ որոշման չպետք է գնալ, քանի որ երբեմն անասնակերի պահանջարկ էլ է երկրում առաջանում ու ստիպված ենք լինում նաև այս մարզերում անասնակեր ցանել։

Տեսանյութեր

Լրահոս