Հանե՛ք սրան. բանջար ծախողի գլխարկով ղեկավար ունենալն ամոթ է. Զոհրաբ Բեկ-Գասպարենց
Հայն այսօր ցավ է ապրում, իսկական հայն է ցավ ապրում, և կապ չունի՝ իսկական հայը քարտա՞շ է, ուսուցի՞չ, գիտնակա՞ն, թե՞ խոհարար։ Այո՛, ճակատագրով պայքար է դարձել մեր ամբողջ կյանքը, բայց այն, ինչ կատարվում է այսօր, հանդուրժել հնարավոր չէ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի հանձնման, դրանից հետո Հայաստանի ներկայի ու սպասվող արհավիրքների մասին, նման տեսակետ հայտնեց ԱՄՆ-ում բնակվող դերասան, բեմադրիչ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը՝ շեշտելով.
«Հնարավոր է ներել վախկոտին, բայց ներել դավաճանին, դա անընդունելի է։ Այն, ինչ արվում է այսօր, դա դավաճանություն է։ Դավաճանին ներե՞լ. դա չեմ հասկանում։ Արցախի հանձնումը, այո՛, դավաճանություն է, մի՞թե զրոյական կետից սկսելն ու Արցախն Ադրբեջան դարձնելը դավաճանություն չէ»,- ասաց Բեկ-Գասպարենցը՝ շեշտելով, որ Արցախը հանձնելուց հետո հիմա թիրախավորել են սփյուռքը և հայ եկեղեցին, ընդհանուր՝ Հայաստանը։
Ըստ նրա՝ Հայաստանի իշխանության և թշնամու սևեռումը սփյուռքի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պատահական չէ. վախ կա այդ կառույցներից, և այդ վախը պայմանավորված է այդ երկու կառույցների ունեցած ռեսուրսների և ուժի գիտակցմամբ։
«Ամենավատ պահերին եկեղեցին հայ ժողովրդի կողքին է եղել, իսկ սփյուռքը եղել է ուժ, հիմա ևս ուժ է։ Թշնամու համար և սփյուռքն է ուժ, և եկեղեցին, ուստի ուզում են այդ երկուսին պահեն վակուումի մեջ, որ թրքամետ դարձնեն հայ ժողովրդին»,- ասաց դերասանը՝ ընդգծելով՝ տարօրինակ է, որ հենց սա չի հասկանում հայ ժողովուրդը, զարմանալի է, որ հենց սա չեն հասկանում այն մարդիկ, որոնք նախընտրել են իրենց ղեկավար ընտրել «փափախով բանջար վաճառող» մեկին, որը հայ ժողովրդին տանում է դեպ կործանում, և ոչ թե՝ խաղաղության։
Զոհրաբ Բեկ-Գասպարենցն անիրատեսական համարեց հայի, թուրքի և ադրբեջանցու՝ իրար կողք կողքի խաղաղ ապրելու մասին թեզերը։
«Իրենց հետ ոչ խաղաղ է պետք ապրել, ոչ՝ ագրեսիվ. իրենց հետ պետք է ապրել՝ սուրը ձեռքիդ։ Խաղաղություն հնարավոր չէ այդ ազգերի հետ։ Ես պատմություն եմ կարդացել. պատմության դասերից չեմ փախել»,– ասաց նա՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր հայ թույլ չպետք է տա, որ Հայաստանը դառնա թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված մի տարածք, որտեղ իսկական հայը կդառնա փոքրամասնություն։
«Բանջար ծախողի գլխարկը դրածի փոխարեն՝ մեզ լուսավոր մի առաջնորդ է պետք, որը մեզ կմիավորի։ Հանեք սրան. բանջար ծախողի գլխարկով ղեկավար ունենալն ամոթ է։ Եթե մենք միասնական դառնանք, մենք նորից կհաղթենք։ Հայի գենը չի՛ կարող մեռնել»,- ասաց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։