ՀՀ-ն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են, Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին։
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցել Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։ Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:
Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»: