Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշում չի եղել. Պեսկով

Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին դրա մասին չեն հայտնել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ։

«Ինչ-որ որոշումներ այս առումով, որքանով հասկանում ենք, չեն եղել։ Պաշտոնական խողովակներով ոչ ոք մեզ այդ որոշումները չի հասցրել», – ասել է Պեսկովը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշել է, որ Մոսկվան քաղաքական կամք ունի դրանք հետագայում կառուցելու համար, իսկ ներկայիս դժվարությունները կանցնեն:

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

«Երկրների, ինչպես նաև մարդկանց հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Ամենամոտ հարևանները կարող են ունենալ լարված հարաբերություններ: Բայց այստեղ քաղաքական կամք է պահանջվում` մեր կողմից այն կա, երկու երկրների առաջնորդների կառուցողականությունը և հեռատեսությունը։ Մեր կողմից դա էլ կա»,-ասել է մամուլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց։ Ռուսաստանում հույս ունեն, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս։

Տեսանյութեր

Լրահոս