ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք

ԵԱՏՄ անդամ պետությունները կսահմանեն արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև կամրագրեն այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ սահմանվում է նաև ֆինանսական աջակցության ձևաչափը` Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով:

Նա պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը:

Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում:

Զեկուցողի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական, նորարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր:

«ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Դա այն բյուջեն է, որը նախատեսվում է սուբսիդավորման համար»,-ընդգծեց Նարեկ Տերյանը:

Ըստ նրա` մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական աջակցության ծրագիրը կգործի 5 տարի:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ում իրականացվում է նման նախագիծ` «Էլեկտրոբուս», որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:

«Այդ նախագիծը կարող է դիտարկվել որպես այս ծրագրի շահառու»,-ասաց Նարեկ Տերյանը:

Ըստ նրա` տնտեսվարողների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի կոոպերացիոն ծրագրեր կարելի է իրականացնել: Նշվել է, որ հիմնական հետաքրքրվածությունը ցուցաբերվել է մետալուրգիայով զբաղվող ընկերությունների կողմից:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։

Տեսանյութեր

Լրահոս