Թող մեզնից ամեն մեկը փորձի մի աստղ, մի ծաղիկ, մի մանուկ ունենալ
«Թող այսօր մեզանից ամեն մեկը իր մտքում ունենա բոցկլտուն մի աստղ, և մենք երկու միլիոն աստղով երկինք կունենանք»։
«Հուշարձան» խորագրով բանաստեղծության այս տողերը պապս՝ Արևշատ Ավագյանը, գրել է Հայոց ցեղասպանության 65-րդ տարելիցին։ Հավատացել է, որ մեջքներս կոտրած, հուսահատված լինելով հանդերձ՝ հենց այս պահին յուրաքանչյուրս կարող ենք մեր մտքերով, գաղափարներով լուսավորել շուրջբոլորն ու շարժվել առաջ: Քանի՞ տարի է անցել: Գորշ իրականության մեջ մենք դեռ փնտրում ենք լույսը, չհասկանալով, որ շատ բան կախված էր ու կախված է մեզնից։
Մեզնից ամեն մեկը…
Մեր տանն ինձ սովորեցրել են մտքում աստղեր ունենալ: Ասել են, որ արյան, արցունքի ու միլիոնավոր վշտերից հեռու չենք փախչի, դրանք մոռանալ չի ստացվի, բայց պիտի տեղ պահենք լուսավոր, դեպի ապագա նայող գաղափարների, մտքերի համար:
«Թող այսօր մեզանից ամեն մեկը մի բարի, մի անմեղ զգացում ունենա, և մենք երկու միլիոն անմեղ զգացում կունենանք»։
Կարդում եմ ու մտածում, վերջին շրջանում ավելի շատ կորուստների, ատելության, բացասականի մասին են եղել մտքերս։ Տեղ չեմ թողել լուսավորին։ Հիասթափվել, կոտրվել, հուսահատվել եմ, բայց ավելի քիչ մտածել պայքարելու, չհամակերպվելու մասին։
«Թող այսօր մեզանից ամեն մեկը մի մանուկ արթնացնի իր էության խորքում, և մենք երկու միլիոն անմեղ մանուկ կունենանք»,- գրում է պապս, ում բանաստեղծություններն աստղերի, տիեզերքի, մեր հիշողությունների, բայց նաև ապագայի մասին են:
«Հուշարձան» բանաստեղծությունը կարծես հիշեցնում է՝ փորձությունները հաղթահարելու համար կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը:
Մենք սիրում ենք շարունակ գոռալ մեր կորուստների մասին, բայց չմտածել ելքի, առաջ շարժվելու մասին։ Ես ուզում եմ, որ մենք միասին փորձենք գտնել ուղիներ՝ ապրելու, հավատալու, հուսալու, սիրելու, քայլելու համար:
«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է»։ (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13)
Եթե ամեն մեկս…
Մենք հաճախ չենք հավատում, որ կարող ենք, որովհետև միլիոնավոր խնդիրների լուծման համար հավաքական ջանք է պետք։ Մենք սպասում ենք, սպասում անվերջ` չգիտակցելով, որ եթե ամեն մեկս պարզապես սպասենք մյուսին, ոչինչ տեղի չի ունենա:
Մենք լավ գիտենք մեր խնդիրների մասին, բայց նախընտրում ենք այդ մասին չմտածել: Մենք սովորել ենք փախչել երկրից, իրականությունից, ինքներս մեզնից: Մենք սովորել ենք ապրել՝ չմտածելով, բայց եթե ամեն մեկս…:
«Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5:14):
Եթե ամեն մեկս մեր հերթին չշարժվենք, ոչինչ չի փոխվի։
«Արևը շարժվում է, լուսինը, աստղերը շարժվում են: Ոչինչ կանգնած չէ, ամեն ինչ իր ֆունկցիան, գործառույթն է կատարում: Մարդու համար էլ կանգնելն ինքնաոչնչացում է: Ամեն ինչ շարժվում է, երբ մենք ենք շարժվում: Իսկ մենք պիտի շարժվենք գիտակցաբար: Մեր գիտակցությունն Աստծով է: Նրա հետ հարաբերությունն է առանցքը: Առանցքից հեռու կյանք չկա»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Գորշ իրականությունը լուսավորենք մեր մտքերով, գաղափարներով, գործելու մեր տեսլականով։
«Թող ամեն տարի այս օրը մեզանից ամեն մեկը փորձի մի աստղ, մի ծաղիկ, մի մանուկ ունենալ, և մենք մի քանի անգամ երկու միլիոն աստղեր, ծաղիկներ, մանուկներ կունենանք»։