Մասնագիտական նշումներ՝ հատուկ Անդրանիկ Քոչարյանի համար
Փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե երբ պատրաստ կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Մեկ օր հետո հանձնաժողովից պատասխան ստացվեց, և հերթական անգամ տեխնիկապես ոչ պատշաճ, իսկ բովանդակությունը, ըստ էության, բառերի շարան:
«Ի պատասխան Ձեր կողմից ուղարկված 14․02․2024թ․ հարցման, ցանկանում եմ տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման ժամկետների մասին կտեղեկացվի ՀՀ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում»:
Նախ, մենք հարցրել էին՝ ե՞րբ պատրաստ կլինի զեկույցը, և ոչ թե՝ ե՞րբ կներկայացվի՝ հաշվի առնելով, որ ըստ իշխանական հայտարարությունների, հանձնաժողովի գործունեության ժամկետը հարցաքննությունների առումով ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին: Համաձայնե՞ք, որ սրանք տարբեր բառեր են, երկրորդ, մենք տիրապետում ենք ԱԺ կանոնակարգ-օրենքին, որը սահմանում է.
«Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:
3. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:
4. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետևյալ կարգով.
1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.
2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.
3) մտքերի փոխանակություն.
4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը.
5) հարցի քննարկման տևողությունը կարող է սահմանվել 90 րոպեից մինչև երեք ժամ:
5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում: Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում»:
Հավելենք, որ, մինչ այս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հանձնաժողովի անդամներն ավելի վաղ փոխանցել էին, որ ամփոփիչ զեկույցը պատրաստ կլինի գարնանը: Գուցե ձգձգելու համար ինչ-ինչ հանգամանքներ կան, և Անդրանիկ Քոչարյանը դրա համա՞ր չի ցանկացել ժամկետ նշել: Ամեն դեպքում, կարելի էր պատասխան գրության մեջ նշել, թե ինչ փուլում է զեկույցի կազմման գործընթացը, որի շրջանակում ՊՆ-ն ավելի քան 10.000 էջից բաղկացած փաստաթուղթ էր փոխանցել հանձնաժողովին, սրան պետք է գումարել 44-օրյա պատերազմի օրերին առանցքային պաշտոններ զբաղեցրած որոշ անձանց հարցաքննությունները: Իսկ հանձնաժողովում 2 անգամ անգամ լսել են Նիկոլ Փաշինյանին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, լսել են նաև ԳՇ գործող ղեկավար Էդվարդ Ասրյանին (ով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր), ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին:
Ի դեպ, օրերս Factor-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր.
«Մեր տեխնիկան սկզբից չէր թռնում, հետո կիսատ էր թռնում, հետո հայտնաբերվում էր, խոցվում էր: Հիմա մարտական խնդրի լուծման համար ԳՇ-ն տվել է իր համաձայնությունը լիարժեք փուլ անցնելու և շատերը լիարժեք փուլ անցել են»:
Այնուհետև շարունակել էր. «Մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, իմիջիայլոց, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Մենք մեր գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ո՞ր ժամանակաշրջանին են վերաբերում սպառազինության սխալ ձեռքբերումները, խոսքն ինչի՞ մասին է, արդյո՞ք նկատի ունի այդքան քննարկված 2019-ին ձեռք բերված «Օսա ԱԿ» համալիրները: Երկրորդ՝ ինչ տեխնիկա նկատի ունեք՝ ասելով, որ սկզբից չէր թռնում, հետո կիսատ էր թռնում, որից հետո մարտական խնդրի լուծման համար փորձարկման լիարժեք փուլ է անցել:
Ի դեպ, քանի որ Անդրանիկ Քոչարյանը նաև ի պաշտոնե շատ տեղեկացված է, միաժամանակ մեր գրության մեջ հարցադրում էինք արել՝ կարո՞ղ ենք սպասել, որ Սու-30-ները մի օր կկիրառվեն նրա համար, ինչի համար ձեռք էին բերվել, և ոչ թե միայն ուսումնական վարժանքների ժամանակ:
Մեր այս հարցադրումներին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից ընդամենը նշել էին.
«Սպառազինությունների և մյուների վերաբերյալ հարցադրումների պատասխանները ներառված կլինեն վերոնշյալ զեկույցի մեջ»:
Այս պատասխանը, ըստ էության, «քոփի փաստ» է Անդրանիկ Քոչարյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։
Մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հունվարի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, հարցին՝ ունե՞նք համապարփակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, մասնավորապես, ասել է.
«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:
Հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանն այս հայտարարությունն արել էր հունվարի 10-ին «Փաշինյանի անապացույց ռազմական մեղադրանքները. ի՞նչ ազդեցություն են ունեցել 44-օրյայում «անորակ» հրթիռները և հրանոթի արկերը, 42 միլիոնանոց «մետաղաջարդոնը» և «անպլատա» Ս-300-ը» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո, որտեղ գրել էինք, որ իշխանություններն այդպես էլ չգնացին անորակ հրթիռների փորձաքննության և չեն կարողացել, օրինակ, ապացուցել, թե ինչ վնաս են հասցրել 2020 թվականի պատերազմին հրթիռների չկիրառումը կամ անարդյունք կիրառումը: Եվ, որ Նիկոլ Փաշինյանը վերևում հիշատակված այս և մյուս գործերի և սպառազինության վերաբերյալ արած իր հայտարարություններում կա՛մ անտեղյակությունից է ստում, կա՛մ ռազմական գործին չտիրապետելուց, կա՛մ դիտմամբ, և, թերևս, իմանալով, որ, այսպես ասած՝ դրա տակից կարող է դուրս չգալ, չի ցանկանում ռազմական կարևոր դրվագներն ու գործերը, մեղադրանքները հրապարակային քննարկել, ինչը հուշում է, որ հանրությունը պետք է պահանջատեր լինի այս տեսակ հարցերում և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ որպես գլխավոր պատասխանատուի:
Իսկ սրանից օրեր հետո Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն արձագանքել էր «հրթիռների գործով» անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ այն անվանելով քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն:
«Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
«Անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել, իսկ դատարանն այդպես էլ չընդունեց բաց դատավարություն անցկացնելու վերաբերյալ իմ և մյուս «մեղադրյալների» բազմաթիվ միջնորդությունները, քանզի բաց դատավարության անցկացման պարագայում հանրությանը հնարավորություն էր տրվելու տեսնել, որ գործ ունենք ոչ միայն անհիմն մեղադրանքի, այլև, ինչպես նախկինում հայտարարել եմ, քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ։
Ուստի հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները։
Սույն հայտարարությամբ ՀՀ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում օրենքի վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա»,- իր հայտարության մեջ նշել էր Տոնոյանը:
Ինչևէ, սպասենք 44-օրյա պատերազմի մասին զեկույցին, որի բովանդակությանը դժվար թե ծանոթանանք, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն ամբողջությամբ գաղտնի կլինի:
Իսկ մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ հյուր էր գնացել Պետրոս Ղազարյանին, որտեղ խոսել է բանակին առնչվող մի շարք հարցերի մասին, այդ թվում՝ անդրադարձել է Ներքին Հանդի վերջին դեպքին, ՊՆ հաղորդագրությանը, որ «Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է»:
«Բանակը կարգավորվում է հրամաններով և կանոնակարգային հարաբերություններով, խախտել չի կարելի: Եվ խախտման դեպքում պետք է գտնել և պատժել մեղավորներին, հակառակ դեպքում դու բանակը կկորցնես, կդարձնես անկանոն գործողությունների գնացող համակարգ, որի արդյունքում կարող է չիմանաս, թե լայնածավալ գործողություններն ինչից սկսվեցին, և ինչպես կարող են ավարտվել:
Հիմա էլ, եթե նայում ենք Ներքին Հանդի հետ կապված, լավ է, գոնե որոշ ընդդիմադիր պատգամավորներ գիտակցում են, որ պետք է մեզ համար ճշմարտությունը ճշտենք, և ուզում ենք, որ հակառակորդն էլ ճշտի: Կարևոր խնդիրը մեզ համար հրադադարի ռեժիմի պահպանումն է, որովհետև դրա խախտումը պարզ չէ՝ ում համար ինչ հետևանք կարող է ունենալ»,- շարունակել է Քոչարյանը:
Այն, որ բանակի և անվտանգության դեպքում չպետք է օրենքներ և կանոնակարգեր խախտվեն, մենք նույնպես գրում ենք՝ անկախ նրանից, թե դա որքանով է տեղավորվում գործող իշխանության խաղաղությա օրակարգի մեջ: Կա «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, որով հստակ սահմանված են ԶՈՒ խնդիրները՝ «Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ», և և դրանք չպետք է ոտնահարվեն:
Ավելին, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքի հոդված 11-ը սահմանում է.
«Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
–…զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով»:
Այնուհետ հոդված 12-ում շարունակվում է.
«Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում…»:
Ըստ այս հոդվածի՝ «զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին)»:
Իսկ միանձնյա ղեկավարման մասին հոդված 31-ում նշվում է.
«Միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար:
Միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»:
Օրենքով հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի տեխնիկական միջոցներով` մեկ զինծառայողի, զինծառայողների խմբին կամ զորամասին (ստորաբաժանմանը):
Բայց ըստ հոդված 39-ի, հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
Հրամանատարը պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:
Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն և չպետք է կասկածներ հարուցի ենթակայի մեջ:
Ի դեպ, չմոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանն անցած տարի հպարտ-հպարտ ասում էր, որ «սկսել ենք կրակել»:
«Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք. այն, ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»:
Հիմա մի պահ ենթադրենք, որ հայ դիրքապահներն ինչ-ինչ խախտումներ են թույլ տվել, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, ըստ Քոչարյանի, նորմա՞լ է, երբ Ադրբեջանը սրան պատասխանում է «Հատուցում» գործողությամբ և թշնամու դիպուկահարը 4 հայ է սպանում: Եթե՝ այո, ապա ինչո՞ւ թշնամու նախահարձակ սադրանքին, երբ չկան կասկածներ, որ թշնամական կողմն է սկսել, հայկական կողմը պատասխան կրակ չի արձակում՝ օրենքի շրջանակում:
Անդրանիկ Քոչարյանն ունի՞ սրա պատասխանը, և ի՞նչ է փոխվել մեկ տարվա մեջ նրա պատկերացումներում, ի վերջո, ոչ Նիկոլ Փաշինյանն է փոխվել, ոչ Ալիևի պահանջները, ոչ էլ անվտանգային իրավիճակը: Իսկ օրենքը և կանոնակարգերը պետք է պահել:
Իսկ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի շրջանակում Անդրանիկ Քոչարյանի մյուս ձևակերպումներին չենք անդրադառնա, այլապես ստիպված կլինեն բացատրել՝ ինչ ասել է առաջնագիծ, երկրորդ գիծ, ամրացված շրջան (yкрепрайон), և թե ինչպես ՀՀ իշխանությունները 2018 թվականի իշխանափոխությունից հետո «խաչ քաշեցին» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա և չկարողացան ստիպել Ալիևին՝ համաձայնել հետաքննության մեխանիզմների ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: